«Ոչ»-ի շտաբի կողմից ենթադրյալ կաշառքներ բաժանելու գրառումների վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Արսեն Բաբայանի գրառման կապակցությամբ՝ դրա վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ուղղությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ»,-ասաց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ օրերս Միպ ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքում գրել էր, թե «Ոչ»-ի շտաբը ներկայացնող մարդիկ փորձում են հարավ-արևմտյան թաղամասում թիրախավորելով թոշակառուներին, առաջարկել 5000-ական դրամներ, որպեսզի նրանք չմասնակցեն հանրաքվեին։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն էլ ֆեսյբուքյան իր էջում տեղադրել էր վերոնշյալ գրառումը և ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորել կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել