1in.am-ը գրում է.

Գազի և էլեկտրաէներգիայի բարձրացված սակագների արդյունքում մի շարք ապրանքային շուկաներում արձանագրվել են թանկացումներ, որոնք այս օրերին դարձել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության առարկան: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: Վերջինս նշեց, որ սովորաբար յուրաքանչյուր շաբաթ ՏՄՊՊՀ-ն երեք օր ուսումնասիրություն է կատարում գերիշխող շուկաներում, և այս շաբաթը ևս բացառություն չէր՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին ուսումնասիրություններ են անցկացվել գերիշխող շուկաներում: 

Ըստ Գայանե Սահակյանի՝ ուսումնասիրությունների արդյունքում գնային բարձրացում է արձանագրվել զովացուցիչ, գազավորված ըմպելիքների, հանքային ջրերի և գարեջրի շուկայում: ՏՄՊՊՀ խոսնակի փոխանցմամբ՝ տարբեր խանութներում բարձրացումը տարբեր է եղել, բայց այն չի գերազանցել 30 դրամը: 

«ՏՄՊՊՀ-ն այս պահին ուսումնասիրում է հենց այդ շուկան: Գրությամբ դիմել ենք շուկայում գործող բոլոր տնտեսվարողներին և պահանջել յոթօրյա ժամկետում հիմնավորել բարձրացումները՝ ի՞նչն է փոխվել, ինչպե՞ս է գնագոյացումն իրականացվել, գնագոյացման բաղադրիչներն ինչպե՞ս և ինչո՞ւ են փոխվել: Կստանանք այդ տեղեկատվությունը և դրա հիման վրա կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում շուկայում: 

Երեքշաբթի և այսօր իրականացված մոնիտորինգի ընթացքում պարզվեց, որ գերիշխող խանութներում այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գնային փոփոխություն չի եղել, իսկ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությում է առավել շատ օգտագործվող ապրանքների՝ ձեթի, կարագի, շաքարավազի, կաթնամթերքի, հնդկաձավարի, ոսպի, բրնձի, մակարոնեղենի, նրբերշիկի շուկան»,- նշեց Գայանե Սահակյանը: 

Վերջինիս խոսքով՝ դիտարկումների են ենթարկվել նաև գազալցակայաններում վաճառվող գազի գները: «Կարող եմ ֆիքսել, որ այսօրվա վիճակով դիսպենսեր գազալիցքավորման սարքավորումներով վաճառվող գազի գինը մեկ խորանարդ մետրի համար 185-190 դրամ է, նախկինում այն վաճառվում էր տասը դրամ էժան, իսկ մեխանիկական լիցքավորման սարքավորումների դեպքում մեկ խորանարդ մետրը երեկվա դրությամբ միջինը կազմել է 200 դրամ»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա հավելեց՝ ասելով, որ հուլիսի 7-ին մի շարք լցակայաններում եթե սկզբում գազի գինը դարձել էր 240 դրամ, ապա այս օրերի ընթացքում փոքր-ինչ նվազել է, ինչը ցույց է տալիս, որ շուկան դեռևս կարգավորվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել