Armdaily.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար հայտարարված մրցույթում հաղթել էր «Garoon agency» ընկերությունը։ Կարճ ժամանակ անց ֆեյսբուքում աղմուկ բարձրացավ, որ այդ լոգոն գրագողություն է և կրկնօրինակել են 1991թ-ի հանրաքվեի լոգոն։

Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ստեղծվել է 2018թ-ի ապրիլի 27-ին։ Սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով հրապարակումներ է արվել, անգամ էջն ունի ընդամենը 580 հետևորդ։ 

Ընկերությունը ունեցել է նաև կայք, սակայն կայքի գործունեությունը կասեցված է։ Այս պարագայում հնարավոր չէ գտնել նաև թե ում անունով է գրանցված եղել կայքի դոմեյնը։ 

Հետաքրքրականն այն է, որ «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա։ Համակարգում այդ անունը փնտրելիս ոչինչ հնարավոր չէ գտնել ո՛չ հին ընկերությունների մեջ, ո՛չ՝ նոր։ 

ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում ևս ըկերության անունը որևէ կերպ հիշատակված չէ։ 

«Սփյուռ» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրենը Ռաֆայել Դանիելյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Դավթաշեն, Փիրումյանների 33 հասցեում։ 

Ընտրողների ռեգիստրից հնարավոր եղավ պարզել, որ այդ հասցեում բնակվում է Ռաֆայել Դանիելյան Աղաբեկի անունով անձնավորություն: 

Ռաֆայել Դանիելյանի անունով ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում մեկ ԱՁ է գրանցված եղել, որը զբաղվել է մանրածախ առևտրով (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ 
G47.19.0), սակայն ընկերությունը հաշվառումից հանվել է։ 

Մենք ֆեյսբուքում գտանք նաև Ռաֆայել Դանիելյան անուն ազգանունով երիտասարդի, ով հավանաբար վերը նշված Ռաֆայել Դանիելյանի թոռն է և բնակվում է Մոսկվայում։ Դանիելյանի ֆեյսբուքյան էջում նշված էր, որ նա «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» ընկերության հիմնադիր և սեփականատերն է, սակայն մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել իր էջում եղած գրառումների բազմաթիվ մեկնաբանություններին, ինչպես նաև մեր նամակներին։ 

Մենք եղել ենք նաև Ռաֆայել Դանիելյանի բնակարանում, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ Դանիելյանը ունի իր անունով գրանցված ընկերություն։ 

Դանիելյանների հետ հարցազրույցը կներկայացնենք քիչ անց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել