Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում մահացել է Կոլոմբո մաֆիոզ ընտանիքի պարագլուխներից մեկը՝ Ջոն Ֆրանցեզե-ավագը, որը հայտնի էր նաև Սոնի անունով։ 3 տարի առաջ նրան ազատ էին արձակել բանտից՝ իր տարիքի պատճառով․այն ժամանակ գանգստերը դարձել էր 100 տարեկան։

Ջոն Ֆրանցեզեն ծնվել է 1917 թվականին իտալական Նեապոլում։ Նա 19 երեխաներից ամենափոքրն էր։ Երեխա ժամանակ նա իր ծնողների հետ տեղափոխվում է Բրուքլին։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում հոր թոնրատանը, այնուհետև մեկնում է բանակ՝ ծառայության։ Ֆրանցեզեն շատ բռնկուն և անհամբեր բնավորություն ուներ, սպանելու հակումներ ունենալու պատճառով նրան հեռացրեցին բանակից։ Տղան իր այս բնավորությամբ երկար չէր ապրի, եթե 33 տարեկանում չգրավեր մաֆիայի ուշադրությունը։ Ժամանակի ընթացքում նա դառնում է Պրոֆաչի մաֆիոզ ընտանիքի անդամ, որը հետագայում հայտնի է դառնում, որպես Կոլոմբո ընտանիք։ Սոնիի կարիերան այդքան էլ արագ չէր զարգանում, սակայն նա աստիճանաբար գրավեց հեղինակավոր առաջնորդների վստահությունը։

Ֆրանցեզեն առաջին անգամ դատապարտվել է 1967 թվականին՝ միանգամից 4 բանկ կողոպտելու համար։ Իր «կարիերայի» ընթացքում Սոննին շատ սպանություններ է արել, իսկ նրա մասնակցությամբ կատարված բոլոր հանցագործությունները հնարավոր չէ հաշվել։ Սակայն Սոնին ոչ մի անգամ չի դատապարտվել սպանության համար, թեև ինքն էլ է խոստովանել, որի իր խղճին շատ զոհեր կան։ «Շատը՝ 3,4,5․․ չեն, այլ ավելի շատը»․ ասում էր նա։

Մինչև 1990 թվականը Կոլոմբո ընտանիքում նա երկրորդն էր իր հեղինակությամբ։ Իմիջիայլոց օրինապահները նրան համարում էին մաֆիայի ամենասարսափազդու մարդասպաններից մեկը։

Վերջին անգամ Սոնին Մասաչուսեթսի բանտում է հայտնվել Մանհեթենի գիշերային ակումբների ռեկետի համար։ Նա բանտարկված մնաց մի քանի տարի և ազատ արձակվեց, երբ դարձավ 100 տարեկան։ Այս վերջին գործի ժամանակ Սոնիի կինը դատավորին խնդրում էր, որպեսզի ներողամիտ գտնվեն նրա հանդեպ, քանի որ ամուսինները շատ են սիրում միմյանց։ 2017 թվականին 100-ամյա Սոնին ազատ արձակվեց և տեղափոխվեց հարազատների մոտ՝ Բրուքլին։ Ինքն անձամբ շատ հանգիստ էր վերաբերվում բանտարկությանը, քանի որ կարծում էր, որ տարբերություն չկա, թե որտեղ ես մահանալու։

Գանգստերի որդին՝ Մայքլը, որը 1995 թվականից խզել է կապերը մաֆիայի հետ, իր հորը համեմատում էր քամելեոնի հետ։ «Տանը սիրող հայր և ամուսին, իսկ փողոցում՝ դաժան տղա, որը երբեք չի խոստովանել կատարած հանցանքները, երբեք ոչ մեկին չի հանձնել ոստիկաններին, երբեք չի դրժել իր երդումները»։

Սոնին մահացել է 103 տարեկանում։ Նա ունի երեք տղա, երկու դուստր և մի քանի թոռ և ծոռ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել