Tert.am-ը գրում է.

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13–ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Փորձագիտական դաշտում, սակայն, կա տարակուսանք, որ Սիրիան պատմական այդ փաստը կարող էր նաև վաղուց ճանաչել և ոչ հիմա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին։ Այս և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին Tert.am–ը զրուցել է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ։

- Պարո՛ն դեսպան, թույլ տվեք հայտնել իմ և մեր խմբագրության երախտագիտությունը Հայոց ցեղասպանության փաստի դե յուրե ամրագրման համար։ Ավելի քան մեկ դար է՝ Սիրիան ապաստան է տվել ցեղասպանությունից փրկվածներին: Փորձագիտական դաշտում երախտագիտությունից բացի կա նաև տարակուսանք առ այն, որ Սիրիան պատմական այդ փաստը կարող էր վաղուց ճանաչել և ոչ հիմա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: 

- Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Այն բանաձևը, որն ընդունեց Սիրիայի ժողովրդական ժողովը, պատմական որոշում է, այն Հայոց Ցեղասպանության արդեն փաստացի ճանաչումն է, սակայն պետք է նշեմ, որ ավելի քան հարյուր տարի է՝ Սիրիան իր դռներն է բացել Թուրքիայի իրագործած ցեղասպանությունից փրկված հայերի առջև, Սիրիայի ժողովուրդն իր հացը կիսել է հայ եղբայրների հետ։

Սիրիայի հատկապես այն շրջաններում, որտեղ իրագործվել է Ցեղասպանությունը, հիմնվել են հայկական դպրոցներ և եկեղեցիներ, օրինակ՝ Դեր–Զորում կա Սրբոց Նահատակաց եկեղեցին, կա նաև եկեղեցի, որը կառուցվել է նահատակների մասունքների վրա, Սիրիայում կան նաև բազմաթիվ փողոցներ ու պողոտաներ, որոնք կրում են նահատակների անունները։ Այսպիսով, ավելի քան 100 տարի է, ինչ Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հիշում եք, 2015 թ․ Սիրիայի խորհրդարանի նախագահը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը և Երևանում մասնակցել էր Ցեղասպանության 100–ամյակի միջոցառումներին, իսկ Սիրիայում ամեն տարի ապրիլի 24–ին սիրիահայերը ոգեկոչում են Ցեղասպանության նահատակների հիշատակը, միջոցառումներ են կազմակերպում տարբեր քաղաքներում։ Սա այն է, ինչ կապված է ճանաչման գործընթացի հետ, իսկ այն, ինչ տեղի է ունեցել այսօր, արդեն քաղաքական և փաստացի ճանաչումն է, պատմական իրողության դե յուրե արձանագրումը։ 

- Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն էր, որ սիրիական պատերազմի ամենադաժան տարիներին իր գլխավոր դիվանագետին հետ չկանչեց: Մեր դեսպանը մնաց ու շարունակեց աշխատել: Այս քայլով հայությունն ամբողջ աշխարհում, կարծեք, իր համերաշխությունը հայտնեց Սիրիայի բարեկամ ժողովրդին: ՀՀ-ն նաև մարդասիրական առաքելություն է իրականացնում պատերազմական Սիրիայում՝ ականազերծողների ու բժիշկների մակարդակով մասնակցելով Սիրիայի պատերազմական վերքերի բուժմանը: Ինչպե՞ս է սիրիացի ժողովուրդը վերաբերվում Հայաստանի այս քայլին:

- Այս հարցին պատասխանելու համար, կարծում եմ, անհրաժեշտ կլինի ոչ թե մեկ, այլ մի քանի հաղորդում, քանի որ երկու երկրների միջև պատմական հարաբերություններն սկսել են դեռ շատ վաղուց։ Հնում ուխտի գնացող հայերի քարավաններն անցնում էին Դամասկոսով և Հալեպով և այստեղ շատ կային հայկական սրբավայրեր։ Իսկ ինչ վերաբերում է այս օրերի քաղաքական հարաբերություններին՝ դրանց հիմքը դրել է երջանկահիշատակ նախագահ Հաֆեզ ալ-Ասադը, այն ժամանակ, երբ այցելեց Խորհրդային Հայաստան։

Հայաստանի անկախությունից ի վեր՝ ձեր երկիրը դիմադրել է մի շարք տնտեսական ճգնաժամերի, և Սիրիան բազմիցս օգնություն է տրամադրել Հայաստանին։ Օրինակ՝ երբ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, Սիրիան օգնություն ուղարկեց երկրաշարժից տուժածների համար։ Հայաստանն իր հերթին բազմիցս հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա։

Այն, ինչ Հայաստանն այսօր անում է Հալեպ քաղաքում, հումանիտար առաքելություն է, որն առանցքային կարևորություն ունի երկու երկրների հարաբերություններում, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի Կառավարությունը ենթարկվեց բազմաթիվ ճնշումների այդ առաքելությունն իրականացնելու ճանապարհին։

Պետք է նշել, որ ականազերծման առաքելությունն իրականացվում է այն տարածքներում, որտեղ եղել են ահաբեկիչները, իսկ նրանք կապված են այն թուրքերի հետ, որոնց պապերը ցեղասպանություն են իրագործել հայերի դեմ։ Այո՛, ոչնչացումն ու սպանությունը թուրքերի հիմնական մտածելակերպի մասն են կազմում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի՝ Սիրիայի ժողովրդին օգնելուն, դա արդեն մարդկային քայլ է, որի համար մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, սիրիայի ժողովուրդը բարձր է գնահատում Հայաստանի այս քայլը։ 

- Ռուս–թուրքական հարաբերությունները դարձյալ սրված են, մասնավորապես՝ Իդլիբի շուրջ զարգացումների հարցով: Արդյո՞ք բախումն անխուսափելի է Անկարայի հետ: Մոսկվան ինչպե՞ս կկարողանա չեզոքացնել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում:

- Նախևառաջ, այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ ճգնաժամի պատճառները։ Ինչպես գիտենք, Թուրքիան և Էրդողանի վարչակարգը օգնում են ահաբեկիչներին, նրանք բացել են իրենց սահմանները ահաբեկչական խմբավորումների առջև, որ վերջիններս մուտք գործեն Սիրիա։ Այդպիսով՝ Թուրքիան ցանկանում է ապակայունացնել իրավիճակը Սիրիայում։

Թուրքիան օգնում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, որի բոլոր անդամները բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում։ Թուրքիան սատարում է նաև «Ջեբհաթ Ան-Նուսրա» խմբավորմանը, որն Ալ-Քաիդայի մաս է կազմում։ Թուրքիան զենք է տրամադրում այդ խմբավորմանը, որի հսկողության տակ էլ գտնվում է Իդլիբ նահանգը։ Այս ամբողջը հանգեցնում է իրավիճակի ապակայունացմանն ու բարդացմանը։

Սակայն Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը մեկ անգամ չէ, որ նշել է, թե Սիրիայի արաբական բանակն ազատագրելու է Սիրիայի ամեն մի թիզ հողը։ Սրա համար մենք պետք է քայլ առ քայլ աշխատենք։ Հիմա մենք հասել ենք Իդլիբ նահանգ և ունենք Սոչիի 2018 թ․ համաձայնությունը, ըստ որի՝ ահաբեկչական խմբավորումները պետք է հետ քաշվեին Թուրքիայի երաշխավորությամբ, որով էլ Իդլիբը կվերադառնար Սիրիային։ Սակայն այս ամբողջը տեղի չի ունեցել, փոխարենը Էրդողանը և նրա վարչակարգը զենք են մատակարարել այդ խմբավորումներին, Թուրքիայի բանակն ապօրինի մտել է Սիրիայի տարածք, ահաբեկել է Սիրիայի քաղաքացիներին և փորձել է Հալեպ քաղաքը բաժանել արևելյան և արևմտյան մասերի։ Այս ամենի ֆոնին սիրիական բանակը որոշեց վճռական քայլերի դիմել՝ մուտք գործելով Իդլիբ։ Իսկ, ինչպես գիտեք, Սիրիայի բանակն օժանդակություն է ստանում բարեկամ ռուսներից։

Այստեղ պետք է նշել նաև, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ երկրները թույլ չեն տալու Թուրքիային վերահսկողության տակ վերցնել սիրիական հողերը, շեշտը միշտ դրվում է Սիրիայի ինքնավարության, ինքնիշխանության վրա։ Ուստի Էրդողանի վարչակարգը կեղտոտ խաղ է իրականացնում տարածաշրջանում, որի հետևանքներն անդրադառնալու են իր և իր երկրի վրա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել