Armdaily.am-ը գրում է․
Այսօր համացանցում «ԱՅՈ»-ի հաղթող լոգոյի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել։ Պատճառն այն էր, որ համացանցում տարածվեց 1991թ-ի հանրաքվեի համար պատրաստված տարբերանշաններից մեկը, որն իր մեջ ակնհայտորեն պարունակում էր նաև հանրաքվեի լոգոյի մրցույթում հաղթած տարբերակը։
ArmDaily.am-ի թղթակիցն այսօր այցելել էր հաղթող տարբերակի հեղինակ Ռաֆայել Դանիելյանի բնակարան։ Դանիելյանը մեր այցի ժամանակ բնակարանում չէր։ Մենք զրուցեցինք Դանիելյանի պապիկի՝ Ռաֆայել Դանիելյանի, տատիկի՝ Գայանե Համբարձումյանի և փոքր քրոջ՝ Լիզայի հետ։
Ռաֆայելի պապիկը նշեց, որ թոռը Հայաստանում չի եղել, երբ նրան տեղեկացրել են, որ հաղթել է իր ներկայացրած տարբերակը. «Մի 2 օր առաջ հյուր էր գնացել, բայց իմացել է, որ հաղթել է, հետ է եկել»։
Հարցին՝ սպասելի՞ էր այս հաղթանակը՝ Դանիելյանը պատասխանեց. «Ես նույնիսկ տեղյակ չեմ եղել, որ ինքը մասնակցում է, ինքը փակ տղա է։ Նա առաջին անգամ էր նման մրցույթի մասնակցում:
Անդրադառնալով թոռան հասցեին հնչող մեղադրանքներին, թե լոգոն գողացված է՝ Դանիելյանը նշեց. «Ես չգիտեմ որտեղ տեսել է, որտեղից վերցրել է, դա ինձ չի էլ հետաքրքրում, բայց ինքն է չէ գնահատել։ Ես միշտ գնահատել եմ գնահատողին, կարող է 1000 մարդ տեսներ դա, բայց չգնահատեր, իսկ էդ երեխայի ուղեղը աշխատել է, տեսել գնահատել է, հետո ես չգիտեմ էլ ինչ-որ տեղ տեսել է, թե չէ, բացի դա տառերի, շրիֆտների տարբերություն կարող էր լինել։ Տառերի միլիարդ տեսակ կա, ինքը կարող է նկատել է այդ տառերի տեսակը, դրել է, վերջին հաշվով ես էլ եմ տեսել, որ իր տարբերակը ուրիշ թեքություն ունի, այն տարբերակը՝ ուրիշ, նա զանգակի մեջ է, սա առանձին է։ Ի վերջո բրիլյանտն է կարևոր, թե՞ գնահատողը, եթե անգամ ինքը նկատելով դա է դրել, ուրեմն իմ թոռնիկը արժանի էր հաղթանակի, քանի որ նկատել է կարևորը, ինքն է արժևորել»։
Հարցին՝ լուրերը տարածվելուց հետո զրուցե՞լ եք Ռաֆայելի հետ՝ քույրիկն ասաց. «Խոսել ենք, բայց որևէ կերպ չի մեկնաբանել այդ հարցը՝ արդյոք լոգոն ինչ-որ տեղից վերցված է, թե՝ ոչ»։ Պապիկը նշեց, որ զանգել է թոռնիկին, բայց երկար չի խոսել, միայն Ռաֆայելն ասել է. «Պապի պրոբլեմ չկա»։
Ռաֆայելի տատիկը նշեց, որ զանգակի մեջ եղած տարբերակը որևէ գրանցում չունի որպես մտավոր սեփականություն և այստեղ գրագողության մասին խոսք լինել չի կարող։
Ռաֆայել Դանիելյանը նշեց, որ հակաիշխանականները սա ուզում են օգտագործել ի վնաս իշխանությունների, սակայն բոլորովին հակառակ էֆեկտն է ունենում. «Հիմա բոլորը փնտրում են, թե ով է հեղինակը, հակառակ դեպքում ուղղակի կանցներ կգնար ու հետո ոչ մեկ չէր հիշի։
Անդրադառնալով հարցին, որ ներկա իշխանությունների հետ որևէ կապ ուներ, այդ պատճառով են իր տարբերակը ընտրել՝ Դանիելյանները միաբերան նշեցին, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։
Ընտանիքի անդամները նաև նշեցին, որ Ռաֆայելն այսօր է վերադարձել Հայաստան, օդանավակայանում է դեռ եղել, որ ընտանիքի անդամների հետ զրուցել է, ասել է, որ հանդիպման է շտապում ու իրեն շուտ չսպասեն, որ տուն կգնա։