Armeniasputnik.am-ը գրում է․

1991–ի Անկախության հանրաքվեի «Այո»–ի` արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Ստյոպա Նարոյանն է։ Նշենք, որ նկարը հրապարակվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց 1991թ.–ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։

Նշենք, որ երեկ ներկայացվեց սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որը, պարզվեց` նոր չէ։ «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար էր հրապարակել, որը 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի լոգոն։

«Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում` Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով հենց Նարոյանն է հեղինակը»,–ասաց Ենգիբարյանը։

Նա հայտնեց նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, և ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։ «Այո»–ի նկարը թերթի սեպտեմբերի 23-ի համարի նկարն է։


Ցոլակ Ղանդիլյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը չէ նկարի հեղինակը։ Այսինքն` ստացվում է, որ Նարոյանն է հեղինակը։

Հիշեցնենք, որ «Այո»–ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 մլն դրամ։ «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր` եթե ապացուցվեց, որ կրկնօրինակն է, ՔՊ-ն հայտարարությամբ հանդես կգա։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել