Ֆեյսբուքյան օգտատերերից Օվսաննա Հովսեփյանն իր էջում գրել է.
«ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՁԵԶ ՎՐԱ ՇՈՒՆ Է ՀԱՐՁԱԿՎՈՒՄ (կամ ձեզ թվում է, որ ուզում է հարձակվել)
Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է սպանդի պրակտիկան: Շների սպանդն այսուհետ քրեորեն պատժելի է, իսկ բոլոր շներին կացարանում պահելը՝ անիրական, անարդյունավետ և անիմաստ, հետևաբար եկել է ժամանակը, որ բնակչությունը շների վարքի և նրանց հետ վարվելու որոշակի կանոնների տիրապետի:
Հարկ է նշել, որ մեր հասարակության մի զգալի մաս չի սիրում կամ վախենում է շներից: Ինչպես ցույց է տալիս մեր պրակտիկան, մարդիկ հաճախ ահազանգում են շների հարձակման մասին սեփական վախից, ոչ թե որովհետև շունը հարձակվել է: Ժամանակն է հաղթահարելու վախերը: Հիշեք, որ վախերը առաջին հերթին վնասում են հենց ձեզ:
Եվ այսպես՝ որ դեպքում շները կարող են հարձակվել․
– Ձագերին պաշտպանելու (ստերջացված շան դեպքում վերանում է այս պատճառը),
– Զուգավորման նպատակով ոհմակ կազմած ժամանակ (ստերջացված լինելու դեպքում վերանում է նաև այս պատճառը),
– Զուգավորման ժամանակ էգ շների մոտ «իրենց ցույց տալու» (ստերջացման դեպքում վերանում է նաև այս պատճառը),
– Սեփական տարածքը պաշտպանելու (օրինակ՝ այգու որևէ հատված շունը համարում է իրենը),
– Շարժման նկատմամբ արթնացող «որսին լարելու» բնազդը (վազող մարդ, հեծանիվ և այլն),
– Եթե տեսնում եք հանգիստ պառկած շանը և միանգամից ընկնում եք պանիկայի մեջ ու ի ցույց դնում ձեր վախը, դա կարող է հրահրել շանը հարձակման,
– Եթե նախկինում շան հետ վատ է վարվել ձեզ արտաքնապես նման մարդ (մազի ձև, նման հագուստ, մոտավոր ֆիզիկական նմանություն):
Եվ այնուամենայնիվ, ինչ անել, եթե շունը հաչալով գալիս է ձեզ վրա։
Նախ և առաջ մի ընկեք պանիկայի մեջ, որքան էլ դա ձեզնից ջանքեր պահանջի: Որքան վախենում է «զոհը», այնքան ինքնավստահ է դառնում շունը և հակառակը, որքան ինքնավստահ է լինում «զոհը», այնքան շունը գնալով կորցնում է ինքնավստահությունը: Եթե շունը տեսնի, որ դուք իրենից չեք վախենում, 90% դեպքում նա ուղղակի ձեզ վրա չի հարձակվի:
Մի փորձեք փախչել: Հիշեք, որ որքան էլ արագ դուք վազեք, շունն ավելի արագ է վազում: Շնից վազելով փախչելը ֆիզիկապես անհնար է: Բացի այդ՝ վազելով դուք շան մեջ ևս մեկ անգամ արթնացնում եք բնազդ, և եթե նա անգամ ի սկզբանե նպատակ չուներ ձեզ կծելու, վազելու դեպքում նա ձեր ոտքը հաստատ կծելու է:
Պետք է կանգնել անշարժ ու չնայել շան աչքերի մեջ: Նման դեպքում շունը հիմնականում հաչում է, բայց չի հարձակվում: Պետք է հանգիստ կանգնել և ցույց չտալ որևէ տիպի վախ: Ինչպես նաև չի կարելի նայել շան աչքերի մեջ, քանի որ շան կողմից դա ընկալվում է որպես մարտահրավեր: 90% դեպքերում նման պարագայում շները հաչում-հաչում են և շուտով կորցնում հետաքրքրությունը: Լավ կլինի կանգնել կողքով: Այդպես դուք ավելի «բարակ» եք երևում, հետևաբար շունը ձեզնից ավելի քիչ վտանգ է զգում:
Շեղեք շանը ձեռքի տակ եղած որևէ այլ առարկայով (պայուսակ, շիշ, տոպրակ և այլն): Շպրտեք իրը ձեզնից հեռու: Որպես կանոն, շները վազում են իրի ուղղությամբ և շեղվում:
Ձևացրեք, որ գետնից քար եք վերցնում:
Շանը հրամայեք «հետ գնալ», օրինակ՝ օգտագործելով «ֆու» հրամանը: Բայց այդ ընթացքում դուք պետք է լինեք ինքնավստահ, ձայնը պետք է հնչի հաստ ու առանց վախի:
ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ, որ մեր մեջ արմատացած են մի շարք սխալ գիտելիքներ շների մասին:
Նախ և առաջ այն, որ եթե շունը հաչալով մոտ է գալիս, ուրեմն նա պարտադիր գալիս է հարձակման: Շների հաչոցը ոչ միայն ագրեսիային զուգակցող ձայն է, այլ նրանց խոսելու և շփվելու լեզուն: Հաչալը, օրինակ, կարող է նշանակել, որ նա տարածքի այլ շներին տեղեկացնում է, որ մարդ է եկել, ճիշտ այնպես, ինչպես եթե մեր բակ նոր մարդ մտնի, և մենք հարևանների հետ քննարկենք, թե նա ով էր, ում մոտ էր եկել և ինչու: Եթե ի սկզբանե դուք շան հաչոցից պանիկայի մեջ չընկնեք ու չանեք այնպիսի բաներ, որոնք շանը իսկապես կհրահրեն հարձակման, միգուցե շունը ձեզ չմոտենա էլ, մի 2 բերան հաչա և գնա:
Կարևոր է ֆիքսել նաև էլի մի սխալ կարծրատիպ, թե իբր շները հարձակվում են սովից, եթե տարածքում չկա սնունդ:
Նախ և առաջ, եթե տարածքում չկա սնունդ, շները լքում են այդ տարածքը: Եթե տարածքում ընդհանրապես սնվելու աղբյուր չլինի, այդ տարածքում չեն լինի ո՛չ շներ, ո՛չ կատուներ, ո՛չ առնետներ: Եվ եթե անգամ նրանք սոված են, նրանք մարդուն չեն դիտարկում որպես սնունդ, և սովը չի կարող լինել հարձակման պատճառ:
Երևանի թափառող շները սոված չեն, հավատացեք: Հայերը առաջին տասնյակում են որպես սնունդ թափող ազգ: Եթե փողոցում կան նիհար շներ, դա նրանց հիվանդ կամ թույլ լինելու և ոչ թե սովի պատճառով է:
Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, նրանց պետք է ամենավաղ տարիքից սովորեցնել չվախենալ շներից: Մեր հասարակության մեջ երեխային մեծացնում են շնից վախերով և շների նկատմամբ թշնամաբար տրամադրված, հետո բողոքում, որ տարածքում շուն կա, որ իր երեխան վախենում է: Բայց չէ՞ որ ոչ մի երեխա վախով չի ծնվում, վախերը մեծամասամբ երեխայի մեջ մենք ենք սերմանում: Եվ եթե անգամ երեխայի վրա ինչ-ինչ պատճառով շուն հարձակվի, անգամ նման պարագայում չի կարելի թույլ տալ, որ այդ վախը հանկարծ արմատ գցի երեխայի մեջ: Դրա դեմը պետք է շատ արագ առնել:
Այո՛, այս կենդանիները կան, նրանք գոյություն ունեն մեր շրջապատում, մեր իրականության մեջ և մեր ամբողջ շրջապատող աշխարհի միջից ՄԱՐԴԸ ՄԵՆՔ ԵՆՔ: Երբ Աստված ստեղծեց դրախտը, նա մարդուն ասաց, որ մարդը պետք է հոգ տանի բոլորին: Ոչ թե սպանի, ոչ թե ատի, ոչ թե վերացնի, այլ ՀՈԳ ՏԱՆԻ:
Այո՛, եթե թափառող կենդանիները մեզ խանգարում են, մենք պետք է գնանք նրան, որ այդ կենդանիները մի օր չլինեն: Բայց մենք դա պետք է անենք ամենաանվնաս, ամենամարդկային և ամենաքիչ դաժանությունը պարունակող ձևերով: Ստերջացման ծրագիրը հենց դրան է ուղղված, որ մի օր մենք փողոցներում շներ չունենանք:
Մենք կարող ենք վերանայել մեր վարքը, սովորել շփվել և լավ վերաբերվել կենդանիներին, սովորել նրանց վարքը նույնպես մեղմացնել սիրով, կերակուրով…
Չէ՞ որ այս բոլորի միջից ՄԱՐԴԸ մենք ենք…