Երևանում ԻԻՀ դեսպանատան տեղակալ Մոթաղին իր Telegram-ի էջում տեղեկացրել է, որ Իրանի և Հայաստանի օդային ու ցամաքային սահմանը փակելու մասին ՀՀ կառավարության որոշումը գործադրման է հանձնվել երեքշաբթի փետրվարի 25-ի ժամը 13:00-ից, մինչդեռ այդ մասին ՀՀ կառավարության որոշումն ըստ կառավարության կայքում տեղադրված մամլո հաղորդագրության ընդունվել է երկուշաբթի փետրվարի 24-ի կեսօրին:
Պարզվում է հիշյալ որոշումը գործադրման է հանձնվել ընդունման պահից շուրջ 24 ժամ անց, ինչից կարելի է երկու եզրակացություն անել:
Ա. Կամ Հայաստանում կառավարական համակարգն աշխատում է այնքան «արդյունավետ» ու «ակտիվ», որ քաղաքացիների առողջության հետ կապ ունեցող նման հույժ կարևոր որոշումը գործադրման է հանձնվում ընդունման պահից շուրջ 24 ժամ անց: Այդ դեպքում լրջորեն պիտի մտահոգվել այն կապակցությամբ, որ սահմաններում ասենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի նման հրատապ իրավիճակ ստեղծվելու դեպքում ինչ արագությամբ են ընդունվելու և գործադրման հանձնվելու համապատասխան որոշումները:
Բ. Եվ կամ Հայաստանի կառավարությունը որոշումն ընդունել ու այդ մասին հայտարարել է, սակայն դրա գործադրումը 24 ժամ հետաձգել է խուսափելու համար ցամաքային ու օդային սահմանակետերում ենթադրելի խուճապային իրավիճակից: Այդ դեպքում ցավոք պիտի արձանագրել, որ «ժողովրդին պատկանող» ու «թափանցիկ» աշխատող իշխանությունները 24 ժամ խաբել են Հայաստանի քաղաքացիներին, նրանց համոզելով որ արդեն կանխված է Իրանի ճանապարհով Հայաստանի սահմաններից ներս կորոնավիրուսի մուտքը: Ի դեպ, այդ 24 ժամերի ընթացքում ցամաքային սահմանը բաց է եղել ու անկասկած ընդունել է առավել մեծ թվով ուղևորների, որոնք տեղյակ լինելով կառավարության ընդունած որոշման մասին, փորձել են ժամ առաջ հատել սահմանը, ինչը բնականաբար բարձրացրել է կորոնավիրուսի Հայաստան մուտք գործելու հնարավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել