Armdaily.am-ը գրում է․

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Նազելի Վարդանյանը անդրադառնալով կորոնավիրուսին և նրա տարածման վտանգին գրել էր. «Այսօր Խնդիրը շատ լուրջ է, իսկ մենք պատրաստ չենք: Մի շաբաթ առաջ դիմակ էի փնտրում` ճանփորդելու համար, մի քանի դեղատուն մտա, սովորական դիմակ չկար /ֆիլտրով դիմակ ընդհանրապես գոյություն չունի/, դժվարությամբ գտա: Լրատվությամբ չեն խոսում կանխարգելիչ միջացառումների մասին, գոնե հորդորեն, որ հանդիպելիս չհամբուրվեն, ձեռքերը հաճախ լվանան ու ախտահանեն, չնայած հանրային վայրերում Ալկոգել դրված չէ, օդանավակայանում մի հոգի կանգնած է, բայց մինչև նա զբաղվում է կասկած հարուցող ուղևորով, մյուսները կողքից անցնում են, առանց ստուգելու: ԱՆ պետք է հաշվետվություն տա ի՞նչ է արված բնակչության անվտանգությունն ապահովելու համար, արդո՞ք մենք պատրաստ ենք ամենավատ իրավիճակին»:

 ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը հայտնեց, որ թեմայի շուրջ իրազեկման պակաս չկա. «Ինչ վերաբերում է իրազեկումներին, ապա դրանց պակասը չկա, լրահոսը այս թեմայով մշտական է ու տարածվում է բոլոր հնարավոր տարբերակներով»։ 

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ջերմաչափմանը՝ նա նշեց. «Բազմիցս տեղեկացվել է, որ ողջ ուղեւորահոսքն անցնում է ավտոմատ ջերմաչափում։ Ավտոմատ ջերմաչափումը, ուղեւորը չի զգում եւ չի նկատում։ Հատուկ ուշադրության են առնվում ՀՀ սահմանը հատող այն անձինք, որոնք գալիս են Չինաստանից, վերջին շրջանում եղել են Չինաստանում, կամ ՀՀ են գալիս վարակի առումով անապահով երկրներից։ Զննվում են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանները։

Նորից տեղեկացնենք, որ նրանց բոլորի տվյալները ՀՀ-ն ստանում է դեռ ուղեւորների՝ ինքնաթիռում գտնվելու ժամանակահատվածում։ Նշված ուղեւորների համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են նրանց բնակության կամ գտնվելու վայրի պոլիկլինիկաներին՝ հետեւելու նրանց առողջական վիճակին։

Ու նորից ենք հարկ համարում տեղեկացնել, որ տենդ ունեցող, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ ունեցող բոլոր ուղեւորները մեկուսացվում են ու հոսպիտալացվում։ Միաժամանակ, խնդրում ենք զերծ մնալ սիրողական գնահատումներից ու չթերագնահատել այն ահռելի աշխատանքը, որն արվում է վերջին շրջանում՝ ուժեղացված ռեժիմով։

Աշխարհը դեռ փնտրում է այս վիրուսի հակազդման միջոցները։ Հայաստանն առաջնորդվում է ԱՀԿ ցուցումներով։ Իսկ թե միջազգային առողջապահական կազմակերպության ցուցումները որքանով, ինչպես ու ինչու են խմբագրում մեր քաղաքացիները՝ թերեւս չմեկնաբանենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել