Մեր հասարակությունում անչափ շատ է մի վտանգավոր տեսակ, որ զգուշացումներում և վտանգի վրա ուշադրության հրավիրումներում «խուճապ տարածել» է տեսնում և տեսնում է հենց ռուսերեն բառով՝ իրենց մակարդակին համապատասխան «պանիկայի» պատկերացմամբ և կիրառմամբ: Դա մարտնչող տգետների հայտնի խավն է, որ ամենուր է և ամենաբարձրն է բղավում իրենց կուռքերի պաշտպանության օգտին, իրենց անհոգությունն ու ինքնավստահությունը պաշտպանելու հանուն և համար:
Արդեն երկար ժամանակ է՝ զգուշացնում էինք, որ նոր կորոնավիրուսն անչափ վտանգավոր է հենց Հայաստանի համար, որ երկիրը բոլորովին պատրաստ չէ, որ այն կարող է ծնկի բերել Հայաստանը, բայց դարձյալ գտնվեցին այդպիսիք, որոնք անգամ դեռ երեկ՝ մինչ կառավարության հայտարարությունը, բղավում էին ամենուր, թե «պանիկա պետք չէ տարածել», թե վախենալու բան չկա, թե սահմանները փակել չի կարելի, թե Իրանը «կնեղանա», թե մենք դրանով «ոչ բարեկամական քայլ կանենք» հարավային հարևանի հանդեպ և այլն:
Կորոնավիրուսն արդեն մոտենում է պանդեմիքի՝ համաշխարհային անվերահսկելի համաճարակի դասակարգմանը և մասնագետները հայտարարում են, որ մոտավորապես մեկ-երկու օր է մնացել, որպեսզի համաշխարհային հանրությունն այլևս չկարողանա որևէ կերպ դիմակայել վիրուսի տարածմանը: Հայաստանում կառավարությունը հայտարարում է հարավային սահմանի երկշաբաթյա փակման մասին, իսկ Իտալիայից թռիչքները կասեցված չեն: Բաց են նաև հայաստանյան դպրոցները, մարդկային կուտակման վայրերը նույնպես աշխատում են: Եթե Չինաստանում կամ մեկ Իտալիայում այս վարակը տարածման պարագայում այդ երկրները կործանման եզրին դժվար թե կանգնեցնի, ապա Հայաստանում այն կարող է աղետալի և կործանարար իրավիճակ ստեղծել: Եվ այո՛, ի հակասություն իշխանությունների պատկերացրածի, որևէ, ըստ իրենց թավշյա պատկերացումների՝ «արմատական և ծայրահեղական քայլ» ավելորդ չի կարող լինել: Մասնավորապես, վարակ ունեցող բոլոր երկրներից թռիչքները պետք է արգելվեն, դպրոցներում և համալսարաններում պարապմունքները կասեցվեն, դադարեցվեն բոլոր մասսայական միջոցառումները: Եվ ո՛չ, չի կարելի կորոնավիրուսը համեմատել գրիպի հետ:
Ինչ էլ որ ասեն, կորոնավիրուսը մահաբեր աղետ է, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հաստատ Հայաստանի ոչ միշտ գրագետ բժիշկներից թերևս ավելի լավ են տիրապետուում իրավիճակին:
Հետաքրքրական է, որ ԱՀԿ-ի ղեկավարութունն ինքն է, ըստ մեր հայրենակից մի շարք անգետների չափորոշիչների, ուժգին «պանիկա» տարածում և ահազանգ հնչեցնում, մինչդեռ Հայաստանում միշտ և հատկապես հիմա, փոխանակ պատրաստելու բնակչությանը հնարավոր լուրջ աղետի և արտակարգ իրավիճակի, փորձում են ամեն կերպ հանգստացնել: Չէ՞ որ մեր հասարակության «առաջադեմ» և «զարգացած» մի հատված խորապես ատում է զգուշացումները: Սահմանում ջերմություն չափելու վրա հույս դնելը նույնպես հիմարության ոլորտից է: Հայտնի է դարձել, որ որոշ հիվանդներ ընդհանրապես ախտանշաններ չեն ունենում, իսկ հիմա արդեն հաստատվել է, որ գաղտնի շրջանը մինչև մեկ ամիս կարող է տևել:
Լուրջ, շատ լուրջ կասկածներ կան, որ բացառված չէ, որ Հայաստանում արդեն վարակվածներ կան: Հնարավոր է՝ դրանց մի մասը կարծում է, թե ինքն ուղղակի թոքաբորբ ունի կամ մրսած է: Բացառված չէ, որ որոշ մահեր էլ այլ հիվանդությունների վերագրվեն հարազատների կողմից: Իհարկե, նաև բացառված չէ, որ վարակ Հայաստանում դեռևս իրոք չկա, բայց ամեն դեպքում մասնագետները հակված են և առկայությունն ամենևին չբացառելուն:
Նկատի ունենալով մեր հասարակության առողջապահական և ոչ միայն առողջապահական հիգիենայի կասկածելի մշակույթը և անհոգությունը՝ մինչև դանակը չի հասնում ոսկորին, ինչպես նաև «պանիկան» մոլեռանդորեն ատելու ազգային մղումը, դժվար չէ պատկերացնելը, թե ինչ կլինի, եթե վիրուսը սկսի տարածվել:
Ահազանգ անհրաժեշտ է հնչեցնել և կրիայի արագությամբ շարժվող այս դանդաղամիտ իշխանություններին անհրաժեշտ է պարտադրել ձեռք առնելու և մյուս միջոցառումները: Եվ ինչպես միշտ, հասարակության փրկության գործողությունները, փոխանակ կառավարության պարտականությունը լինելու, պատվիրակվել են առանձին անհատների: Ֆեյսբուքի օգտատերերն են, որ սովորեցնում են, թե ինչպես պահպանել հիգիենա, ինչպես փորձել պաշտպանվել վարակվեկուց, մինչդեռ իշխանությունն ակնհայտորեն, տգիտաբար վերոնշյալ մոտիվներով խուսափելով իբրև թե խուճապ տարածելուց, այդպես էլ մանրամասնորեն և ժրաջանորեն չի իրազեկում հանրությանն ու կտրուկ և արագ միջոցներ չի ձեռնարկում: Եվ էլի հույսը «երևի մեզ կշրջանցի այս անլուրջ սպառնալիքը» գավառամիտ մոտեցումն է:
Իրավիճակն աշխարհում պատկերացնելու և հայաստանյան խավարամիտ խաղաղության հետ համեմատելու համար «Գարդիան»-ի այսօրվա հոդվածն անչափ օգտակար կարող է լինել: