Tert.am-ը գրում է.

Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներից արդեն պարզ է, որ Մեջլիսում պահպանողական կուսակցությունների պատգամավորներն են մեծամասնություն կազմելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Դա պայմանավորված է նրանով, որ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից բարեփոխական կուսակցությունների թեկնածուները հավանության չարժանացան, և սահմանափակվեց նրանց մասնակցությունն ընտրություններին: Համամասնության մեջ նրանց մասնակցությունը, արդեն մինչ ընտրությունները, ավելի քիչ էր, քան պահպանողականներինը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա` նկատելով, որ մրցակցությունը հիմնականում ընթացել է հենց պահպանողականների միջև:

Արմեն Իսրայելյանի խոսքով` չնայած հայտարարվում է, որ ընտրություններին մասնակցությունը տոկոսային առումով բարձր է եղել, սակայն սոցիալական ցանցերով տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ ընտրատեղամասերում առանձնապես հերթեր չեն գոյացել:

«Բայց եթե ընդհանուր տրամադրությունները դիտարկենք, այն, որ բարեփոխականները ընտրություններին մասնակցելու մերժում ստացան, նաև Իրանում սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, քաղաքական գործընթացների, Միջուկային համաձայնության նկատմամբ անվստահությունը, բողոքի ցույցերը, հասկանալի կլինի, որ արդեն հասարակության մեջ հուսալքությունը հիմնավորված է: Ընտրություններն էլ տեղի ունեցան այդ մթնոլորտում»,- ասաց նա` նշելով, ըստ այդմ, հստակ կարելի է ասել, որ 2016 թվականի Մեջլիսի ընտրություններին Իրանի հասարակությունը ավելի բարձր մասնակցություն է ունեցել:

Խոսելով նրա մասին, թե նոր խորհրդարանը ինչպիսի քաղաքականության կրող է լինելու, Արմեն Իսրայելյանը նշեց, որ պահպանողականները երբեք չեն թաքցրել, որ իրենք դեմ են Միացյալ Նահանգների հետ հնարավոր երկխոսությանը, բանակցություններին: «Հատկապես Սոլեյմանիի սպանությունից հետո իրենց համար փակված թեմա է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն վարելը»,- ասաց նա` նկատելով, որ այս խորհրդարանով ավելի կոշտացվելու է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել