1in.am-ը գրում է.
Հուլիսի 7-ից հանրապետությունում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը զուգընթաց՝ Վանաձորում բարձրացել են տաքսի-ծառայությունների գները: Նախկինում 1 կմ-ի համար վանաձորցիները վճարում էին 100 դրամ, 1-5 կմ-ի համար՝ 500 դրամ, այժմ 1 կմ-ը 120 դրամ է, 1-5 կմ-ը` 600 դրամ: Միջհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունները պայմանագրեր ունեն պետության հետ և չեն կարող ինքնուրույն գին բարձրացնել. դրա համար նոր պայմանագիր պետք է կնքվի:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի` հուլիսի 9-ի հայտարարության համաձայն՝ քննարկումների ավարտից հետո հայտնի կդառնան նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձերը: Իսկ մինչ այդ գազը որպես վառելիք օգտագործող միջհամայնքային տրանսպորտի ուղեվարձն անփոփոխ է: Վանաձոր-Երևան ուղերթը միկրոավտոբուսով շարունակում է մնալ 1200 դրամ:
Վանաձոր-Երևան երթուղին գեներալներ Արշալույս Փայտյանին և Լյովա Երանոսյանին պատկանող «Գազել» և «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսներն են սպասարկում: Բացի այդ, Վանաձոր-Երևան երթուղով նրանք իրենց մասնավոր տաքսի-ծառայություններն ունեն` Արշալույս Փայտյանի «Վանաձոր տաքսին», Լյովա Երանոսյանի և Վանաձորի ավտոկայանի տնօրեն Սահակ Ռուբենյանի «Արծվաթևը»: Երկու տաքսիների ուղեվարձն էլ անփոփոխ է` 2000 դրամ: Տաքսու վարորդների խոսքով` 2 գեներալների տաքսիների միջև մրցակցություն չկա, «նորմալ, համերաշխ աշխատում են»:
«Արծվաթևի» կարգավար (դիսպետչեր) Հովհաննես Մարգարյանը «Առաջին լրատվական»-ին վստահեցրեց, որ թանկացումներ չեն նախատեսվում, նման խոսակցություն առայժմ չկա: «Երևան գնալ-գալու մի երթուղու տարբերությունը 500 դրամ է, եկամուտ լինում է, բայց քիչ»,- իրենց տաքսու համար գազի գնի թանկացման հետևանքը բացատրեց կարգավարը:



