168.am-ը գրում է․

Հայաստանում առաջիկա ամիսների ընթացքում ունենալու ենք հերթական ընտրական գործընթացը․ իշխանությունները պատրաստվում են սեփական քմահաճույքի համար «քամուն տալ» մոտ 3 մլրդ դրամ և, իրենց բառերով ասած՝ «երկրի ներսում ավարտին հասցնել իրենց բաղձալի հեղափոխությունը»։

ՀՀ ընդդիմության պատմությունն ուսումնասիրելիս՝ բախվում ենք մի բետոնե պատի․ մշտական տեղապտույտ են հիշեցնում ընդդիմության այն պնդումները, թե «Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են», «ոչ մի իշխանություն լեգիտիմ կարգով չի ընտրվել»։ Հիմա Հայաստանում իշխանության է ՀՀ ընդդիմության ուլտրածայրահեղ հատվածը, և ի՞նչ ունենք․ 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրություններ, որը, ըստ օդում կախված լուրերի, այդքան էլ արդար ու թափանցիկ չեն անցել (այս մասին իր հարցազրույցներից մեկում բավականին ուշագրավ բացահայտումներ ներկայացրեց հեղափոխությամբ պաշտոն ստացած՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ վարչական ռեսուրսի կիրառման մեջ մեղադրելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Ի դեպ՝ ընտրակեղծիքի մասին քանիցս բարձրաձայնել են նաև նախկին իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ականները՝ պնդելով, որ իրենց ձայներից դիտավորյալ կեղծվել են՝ 5 տոկոսանոց շեմը չհաղթահարելու համար:

Ընդ որում, չմոռանանք 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի քանի ընտրատեղամասերում, ապա նաև՝ ՏԸՀ-ում կարճ ժամանակով տեղի ունեցած ժամանակավոր հոսանքազրկման դեպքերը… Ստացվում է, որ երբեմնի ընդդիմություն՝ այսօրվա իշխանություններն այդքան էլ անկեղծ չեն և շարունակում են «նախորդ ռեժիմի» ավանդույթները։

Այսօր մի շարք փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ պնդում են, որ ապրիլի 5-ի հանրաքվեի ժամանակ իշխանությունների համար բարդագույն է լինելու հավաքել իրենց անհրաժեշտ 650 հազար ձայները․ ճիշտ այդքան է անհրաժեշտ իշխանություններին՝ «այո»-ն անցկացնելու համար։

Դիտարկենք մի քանի դետալ, որ իշխանություններին խոչընդոտելու են գնալ ընտրական կեղծիքների ու ընտրախախտումների։ Նախ՝ ընտրական հանձնաժողովներում գործող իշխանություններն ունեն լուրջ խնդիր, քանի որ չունեն բավարար թվով հավատարիմ թիմակիցներ, ովքեր ամեն կերպ «վիզ կդնեն» իրենց համար: Երկրորդ, նրանք չունեն համապատասխան թվով պատրաստված կադրեր, ովքեր ձեռնամուխ կլինեն և կպայքարեն տեղամասերում «ոչ»-ականների փաստարկված գրոհները լիկվիդացնելու գործում։ Հավելենք, որ հանրաքվեի ժամանակ գործելու են բավականին լուրջ վերահսկման մեթոդներ, այդ թվում՝ նորից հրապարակվելու են հանրաքվեին մասնակցած անձանց ցուցակները, լինելու է օնլայն հետևելու հնարավորություն, ինչպես նաև լրագրողներին հնարավորություն է տրվելու նկարահանել և ընտրական ողջ գործընթացը, այնպես էլ՝ քվեաթերթիկների հաշվելու ընթացքը։

Հիմա ներկայացնենք մի քանի ավելի որոշակի փաստեր, որոնք վկայում են իշխանության անճար վիճակի մասին։ Ինչպես հայտնի է՝ ներկայիս ընդդիմությունը արհամարհեց հանրաքվեն՝ այն համարելով կեղծ օրակարգ և հակասահմանադրական գործընթաց։ Արտախորհրդարանական ընդդիմությունը և, մասնավորապես, նույն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն հրաժարվեցին «Ոչ»-ի քարոզչությունից՝ փաստացի բոյկոտելով հանրաքվեի ողջ գործընթացը՝ ակնհայտորեն բարդացնելով «Այո»-ի ճամբարում գտնվող ուժի գործը, փոխարենը՝ «Ոչ»-ի քարոզին լծվել է իրավաբանների մասնագիտական թիմը, ինչը ևս մեկ անգամ բարդացնում է ամեն ինչ: Սա խնդիր է այնքանով, որ Փաշինյանը դիսկոմֆորտ է զգալու, քանի որ չկան հիմնական քննադատվողները՝ «նախկինները», իսկ միայն բուն քարոզը, այն էլ՝ Սահմանադրության վերաբերյալ դրույթների մասով, բարդ ու մասնագիտական գործընթաց է։

Այսօր ունենք մի իրավիճակ, որ հանրաքվեի քարոզչական գործընթացը, քաղաքականից բացի, իրավական դիսկուրսի տեսք է ստացել, քանի որ «Ոչ»-ի քարոզչական կողմում ընդգրկված իրավաբանների խնդիրն է լինելու՝ ցույց տալ, թե իրավական առումով պետության համար որքանով է կարևոր «ոչ» քվեարկելը կամ հանրաքվեն ընդհանրապես մերժելը։ Համաձայնեք, որ բավական բարդ խնդիր է սահմանադրական բարեփոխումն օրակարգ դարձնել ու 650.000 մարդու համոզել, որ կողմ քվեարկեն Սահմանադրության ինչ-որ անցումային դրույթի, մյուս կողմից էլ՝ խնդիրն ավելի են բարդացնում սևերը՝ հրաժարվելով դառնալ քարոզարշավի ընթացքում պարբերաբար խոցման ենթակա թիրախ: Ու իրավիճակը հատկապես բարդ է, երբ «Ոչ»-ի ճամբարում ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ մասնագիտական հանրություն, որը ոչ թե դեմ է Նիկոլին, այլ դեմ է օրենքի խախտմանը, ապօրինի գործընթացներին, ու չի զլանում անընդհատ խոսել այդ մասին:

Եթե հաշվի առնենք, որ արտահերթին մասնակցել է ՀՀ ընտրողների 43 տոկոսը, և այդ 43 տոկոսից Փաշինյանի օգտին քվեարկել է 70-ը, ստացվում է՝ մոտավորապես 800 հազար մարդ։ Որպես կանոն՝ հանրաքվեները, ի տարբերություն մյուս ընտրությունների, բավականին նվազ մասնակցություն են ունենում, օրինակ՝ 2015-ի հանրաքվեին «այո»-ն ստացել էր 35 տոկոս քվե։ Ներկա փուլում տրամաբանական է, որ իշխանությունների համար դժվար է լինելու ապահովել նման մասնակցություն, եթե ֆիքսենք, որ առկա է նաև գործող իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկում (դա բնորոշ է բոլոր հետհեղափոխական երկրներին)։ Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունների վարկանիշը տատանվում է 30-45 տոկոսի սահմաններում, և եթե անգամ դարձյալ ստանան նույն 70 տոկոս քվեն, հանրաքվեի տապալումն անխուսափելի է։ Ըստ այդմ՝ հասկանալի է, որ իշխանություններն իրար խառնված՝ օրական մի քանի ժողով ու նիստ են անում՝ փորձելով վերահաշվարկի ենթարկել սեփական թիմի հնարավորությունները հանրապետության տարածքում։

Մի բան ակնհայտ է. Գործող իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հանրաքվեն անցկացնեն: Իրենց համոզմամբ՝ միայն այդպես կկարողանան լիակատար իշխանություն ունենալ: Նեղ շրջանակներում չեն բացառում, որ հույսը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է: Վատագույն դեպքում՝ տեղամասերում և տարածքային ընտրական հանձնաժողովներում հոսանք անջատելու գաղափարը միշտ կա ու կա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել