Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հ. Գալստյանը ճանաչվել է մեղսունակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպանությունը ստանձնող հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը։

«Փորձագետները եզրակացրել են, որ Հրաչ Գալստյանին պետք է մեղսունակ ճանաչել»,- նշեց պաշտպանը։

Հարությունյանի խոսքով՝ Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով, սակայն պաշտպանը չունի տեղեկություն՝ արդյո՞ք վերջինս տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, թե ոչ։ Փաստաբանը նշեց, որ մեղադրյալը պնդում է իր դիրքորոշումը առ այն, որ ոստիկանին սպանելու դիտավորություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը։ Նախնական քննության տվյալներով՝ ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել էր դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն և 2019թ. նոյեմբեր ամսին պատանին տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն։

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից։ Ավելին՝ պարզվում է, որ ցերեկը տղաները, մասնավորապես կրտսեր եղբայրը զբաղվել է մուրացկանությամբ, իսկ գիշերներն էլ ավագ եղբոր հետ գողությամբ։

Ընդ որում՝ կրտսերը՝ Հրաչը, տանը՝ մոր կողմից ենթարկվել է բռնության, ունի մտավոր թերզարգացվածության խնդիր։ Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ տղան նախկինում ոստիկանության եւ սոցիալական ծառայության աշխատակիցները, համապատասխան եզրակացության հիման վրա, տեղավորվել էր հոգեբուժական հաստատությունում, որտեղից դիմել էր փախուստի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել