Ինչպիսի՞ն է այսօր ներհայաստանյան իրականությունը։ Փաստացի հանրության գերակշռող մասն ապրում է համացանցային տիրույթում։ Դրա մի զգալի հատվածն ամենժամյա հաճախականությամբ հետևում է տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, գնահատականներ տալիս` քննադատելով, հայհոյելով, թշնամիներ փնտրելով։
2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, այժմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին անգամ հայոց պատմության մեջ հնչեցրեց «սևերի ու սպիտակների» մասին թեզը։ Շատերը կարծեցին, որ դա պատահմամբ է ստացվել, սակայն հետագայում այն վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանով իսկ սկիզբ դնելով հանրության պառակտմանը, մասնատմանը։
Հիմնականում այսպես է հասկացվում այդ թեզը․ ովքեր «հեղափոխության» մասնակիցն են եղել, աջակցում են ներկայիս իշխանություններին, հավատարմության երդում են տվել Նիկոլ Փաշինյանին կամ «հին» են, բայց դարձել են նոր խաղի կանոնների կրողը, նրանք սպիտակ են, իսկ ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցության գործելաոճը կամ աշխատել են նախկին իշխանությունների օրոք, նրանք սև են։
Այս բաժանարար գիծը քաշելուց հետո հանրությունը փաստացի բաժանվեց երկու մասի։ Անկախ նրանից` եղբայրդ է, քույրդ է, հայրդ է, թե որդիդ, միևնույն է, եթե նա քննադատում է ներկայիս իշխանությանը, ապա նա ժողովրդի լավը չի ուզում, կողմ չէ դրական փոփոխություններին և միայն վատն է ցանկանում Հայաստանի Հանրապետության համար: Այս ենթագիտակցությունը հայության շրջանում ներդրեց Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին` տարիների ընթացքում հանրության ներսում միմյանց հանդեպ թշնամություն ու ատելություն սերմանելով, «սևերի ու սպիտակների» թեզը ներմուծելով մեր իրականություն։
Ներկայումս այս մթնոլորտը համացանցում այնքան է սրվել, որ իրական, տեղեկատվական պատերազմ է ընթանում, որտեղ քիչ չեն հայհոյանքները, սպառնալիքները... Որքան կդիմանա հասարակությունն այս ամենին՝ դժվար է ասել, բայց մի օր պոռթկումը լինելու է։ Աստված մի՛ արասցե՝ համացանցում տեղի ունեցողը դուրս գա այդ տիրույթից․ դա կարող է լինել մեր պետության վախճանը, քանի որ ուղղակի մարդիկ իրար ֆիզիկապես կոչնչացնեն, արյան գետեր կհոսեն, և «միասնականություն» ու «համերաշխություն» բառերը հօդս կցնդեն։
Ցավալի է, բայց այս ամենը գնում է այդ ուղղությամբ, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փոխում իր հռետորաբանությունը, այլ, պարբերաբար անընդունելի բառապաշարով ելույթներ ունենալով, ավելի է շիկացնում մթնոլորտը։ Ենթադրում եմ, որ դա է իր հիմնական նպատակը, որպեսզի հանրությանը բաժանելով փորձի տիրել, ապա թե ոչ կկանխեր այս ամենը։
Հ.Գ. Խնդրանքս է բոլոր հայրենակիցներիս սթափ գնահատել տեղի ունեցողը և շատ խորը չխրվել այս ճահճի մեջ, որը ներկայիս իշխանությունն է պարտադրում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին խորհուրդ կտամ շատ զգոն լինել, քանի որ բումերանգի էֆեկտը միշտ գործում է, այն, ինչ խոսում ու անում եք, ապագայում նույնը ձեր հանդեպ կարող է տեղի ունենալ։ Մի տրվեք ներկայիս իշխանության սադրանքներին, քանզի ոչ ոք հավերժ չէ, և հատուցման ժամանակ ձեր բոլոր խոսքերի ու արած քայլերի համար ինքներդ եք պատասխան տալու։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐԻՍ։