Pastinfo.am-ը գրում է․

Դատախազությունը ստացել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու գործով հսկող դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի առարկությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։ Ըստ դատախազության՝ արարքը սխալ է որակվել ՀՔԾ-ի կողմից։

«Այսինքն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:

Հետևաբար դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»,- փետրվարի 10-ին հայտնել էին դատախազությունից։

Ցուցումից մեկ շաբաթ անց պարզ դարձավ, որ ՀՔԾ քննիչը չի շտապում վերաորակել Ա.Բաբլոյանին եւ Ա. Բաբայանին առաջադրված մեղադրանքները եւ մեղադրանքը դեռ չի փոխել։ Ավելին՝ քննիչն առարկություն է ներկայացրել հսկող դատախազի ցուցումի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել