Iravunk.com-ը գրում է.
Այն, որ Հենրիխ Մխիթարյանը շատ երկրպագուներ ունի, ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց միշտ էլ հանրային մարդկանց երկրպգուների շարքում լինում են առավել աչքի ընկնողներ: Դժվար թե հասցնեիք մոռանալ Մխիթարյանի ամենահամարձակ երկրպագուհուն, ով ամուսնության առաջարկ արեց ֆուտբոլիստին, երբ վերջինս հանդիպել էր ՀՊՏՀ-ի ուսանողների հետ: ՙԻրավունք՚-ը զրուցեց հայ ֆուտբոլիստի ամենահամարձակ երկրպագուհու` ԱՐՄԻՆԵ ՅԱՐԱԼՈՎԱՅԻ հետ:
-Արմինե, մի փոքր պատմեք Ձեր մասին, ինչով եք զբաղվում:
- Սովորում եմ Տնտեսագիտական համալսարանում, արդեն մագիստրոս եմ, բացի այդ Հայաստանի ուսանողական ասոցացիայի անդամ եմ:
- Երբ եք սկսել երկրպագել Մխիթարյանին:
- Սուտ կլինի ասել, թե վաղուց. մոտ երեք տարի է:
- Սկսել եք սիրել ֆուտբոլը եւ դրա միջոցով Մխիթարյանին, թե Մխիթարյանի միջոցով ֆուտբոլը:
- Մանկուց ֆուտբոլ չեմ նայել , բայց հենց սկսեցի նայել Ազգային հավաքականի խաղերը, առաջինն, ով տպավորվեց, Մխիթարյանն էր: Սիրել եմ ֆուտբոլը` նոր Մխիթարյանին:
- Դեռ չեք ամուսնացել:
- Ո°չ, դեռ չեմ ամուսնացել …
- Իսկ Մխիթարյանին ամուսնության առաջարկ արել էիք պահի ազդեցության տակ, թե նախապես էիք որոշել:
- Նախապես որոշած չէր, ուղղակի գիտեի, որ հաջորդ օրը Հենրիխը համալսարան է գալու, եւ երբ որոշում էինք` ով ինչ հարց պետք է տա, մտածեցի այնպիսի հարց տամ, որ նրա մեջ տպավորվեմ… որ օրիգինալ լինի:
- Իսկ Ձեր հաջորդ հանդիպման ժամանակ կրկին ամուսնության առաջարկ կանեք Մխիթարյանին:
- Կարծում եմ` մեր հաջորդ հանդիպումը կլինի Դորդմունդում` որեւէ խաղից հետո: Դե, բացի այդ, ես դեռ սպասում եմ նրա պատասխանին (ծիծաղում է):
- Իսկ երբեւէ փորձել եք անակնկալ մատուցել նրան:
- Չեմ ուզում տպավորություն լինի, թե այն խելագար երկրպագուներից եմ , որ ամենուրեք հետեւում են, նկարում … Վերջերս, երբ Մխիթարյանը Հայաստանում էր, պատահական տեսել եմ Հյուսիսային պողոտայում, բայց ամոթից էր, երեւի, անգամ չեմ բարեւել: Պարզապես ժպտացինք միմյանց :
- Փաստորեն ստացվել է` Մխիթարյանը Ձեզ հիշում էր…
- Այո°, հիշում էր, ընկերներն էլ կողքից ասեցին ՙէն աղջիկնա…՚:
- Ի±նչ կասեք նրա ՙԲորուսիա՚ տեղափոխվելու համար:
- Շատ ուրախ եմ, Բորուսիան այն ակումբն է, որ եթե անգամ այլ ակումբ հետագայում չտեղափոխվի, մեծ նվաճում կլինի այդ թիմում խաղալը: Իհարկե, եթե ընտրելու լինեի, կուզեի որ հետագայում տեղափոխվեր իմ ամենասիրելի ակումբ`ՙԲարսելոնա՚:
- Պատրաստ էիք Չեխի դարպասը գնդակ ուղարկել` հանուն Մխիթարյանի, հիմա ի±նչ կանեիք հանուն նրա:
- Դե, քանի որ Բորուսիան հաճախ խաղում է Բավարիայի հետ, նրա մրցակիցն է, գոլ կխփեի Նոյերի դարպասը…
- Իսկ այն, որ Դորդմունդում Մխիթարյանը շատ երկրպագուհիներ ձեռք կբերի, Ձեզ չի± անհանգստացնում:
- Շատ ցավոտ թեմայի անդրադարձաք: Շատ է անհանգստացնում… Բայց, քանի որ ես պատրաստվում եմ մեկնել Գերմանիա` ուսումս շարունակելու, հնարավորություն կունենամ ավելի մոտիկից հետեւելու այդպիսի երկրպագուհիների: