«Իրատես» թերթը գրում է. «Արդեն փաստել էինք, որ խորհրդարանական ընդդիմությունը, մասնակցելով ՍԴ-ի գործող կազմը լուծարելու վերաբերյալ հարցի քննարկմանը, ըստ էության, լեգիտիմացրել էր այդ գործընթացը՝ իշխանության ջրաղացին ջուր լցնելով:
Սակայն դրանից հետո խորհրդարանական ընդդիմությանը ոչ պակաս կարևոր փորձություն էր սպասում՝ ցույց տալու, թե որքան «իրական» ընդդիմություն են ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն գործող իշխանության համար: Պարզվեց, որ այս հարցում էլ նրանք հավատարիմ մնացին իրենց անողնաշար կեցվածքին:
Ի՞նչ դիրքորոշում են այսօր այդ ուժերը հանրաքվեի վերաբերյալ որդեգրել: Հստակ «այո» կամ «ոչ» չեն ասել հանրաքվեի անցկացմանը, ավելին, չեն էլ հայտարարել բոյկոտի մասին, որը ևս քաղաքական դիրքորոշում է: Քաղաքական գործընթացները ենթադրում են մասնակցության այս երեք ձևը (համենայն դեպ, մինչ այս եղած քաղաքական իրական գործընթացներում դեռ այլ բան չի հորինվել), սակայն Հայաստանում քաղաքականությունը վաղուց իր «ուղեծրից» դուրս է եկել ու դժվար է ասել՝ երբևէ կվերադառնա՞, թե՞ ոչ:
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարել են, որ չեն մասնակցի այս գործընթացին: Ի՞նչ ասել է՝ չմասնակցել, դա ո՞րն է: Եթե բոյկոտն է, պիտի ուղիղ ասել, եթե «ոչն» է՝ առավել ևս: Այսինքն, այդ ուժերն իրենց ընտրազանգվածին ի՞նչ են ասում, ինչպե՞ս են ուղղորդում:
Իմա՝ հանրաքվեի օրը տնից դուրս չգա՞ք, ականջներդ փակե՞ք, լեզուներդ էլ ատամների հետևու՞մ պահեք: Ինչպե՞ս պիտի նրանք իրենց դիրքորոշումը բացատրեն, հիմնավորեն:
Ի վերջո, քաղաքական տրամաբանությունը նաև հստակություն է պահանջում. չմասնակցելը դեռ չի նշանակում բոյկոտել: Այս անհոդաբաշխ, լղոզված հիմնավորումից գոնե իրենք մի բան հասկանու՞մ են ու արդյոք դա իր ենթատեքստում այլ բան չի՞ նշանակում:
Արտաքինից իբր փրկել դեմքը, բայց, ինչպես ասում են, «տակից» աշխատել իշխանության օգտին: Ահա սա՞ է մեր խորհրդարանական ընդդիմության հասկացած «չմասնակցությունը»: Մինչդեռ եթե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարեին բոյկոտի մասին, պետք է «հանրաքվեի բոյկոտի» միասնական շտաբ ձևավորեին, դիմեին իրենց համախոհ արտախորհրդարանական ուժերին ու միասնաբար հանրաքվեն բոյոկտելու կոչ անեին ժողովրդին: Այսինքն, այդ ուղղությամբ քարոզչություն իրականացնեին: Իսկ այս պարագայում այդ ուժերն այն նույն ծառայությունն են մատուցում իշխանություններին, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ այդ ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե բոյկոտում է, այլ պարզապես չի մասնակցում այդ գործընթացին: Դրանից շատ չանցած, 2017-ին, «Ելքը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, հայտնվեց խորհրդարանում:
Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների առնչությամբ պատմական փոքր էքսկուրս անենք, հիշենք 2003-ին և 2005-ին ընդդիմության գործելաոճը: Խորհրդարանական ընդդիմադիր «Արդարություն» դաշինքն առաջնորդում էր սահմանադրական փոփոխությունների 2003-ի «ոչի» և 2005-ի «բոյկոտի» շտաբները, որոնց ղեկավարը դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր: 2003-ի փոփոխությունները չընդունվեցին, իսկ 2005-ի հանրաքվեն ժողովրդի շրջանում ստացավ «ուրվականների» հանրաքվե անունը, որովհետև բնակչության մեծամասնությունը, ըստ ընդդիմության, բոյկոտել էր այն, իսկ իշխանությունը կեղծիքներով էր հանրաքվեն անցկացրել:
Հավարտ նշենք, որ Հայաստանի ԱԺ-ի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի դիրքորոշում չունի երկրում կատարվող այնպիսի էական գործընթացի վերաբերյալ, ինչպիսին է հանրաքվեն: Այլ կերպ ասած, ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել: Ու սա այն դեպքում, որ Հայաստանը համարվում է խորհրդարանական երկիր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 18.02.20թ. համարում։