ԱՄՆ Լոս Անջելեսում բնակվող Ռիչարդ Էրնանդեսը, ով նախկինում որպես բանկիր է աշխատել, շուրջ 20 վիրահատություն է անցել սեփական մարմինը փոխելու և անսեռ դառնալու համար: Նա մոտ 70 հազար դոլար է ծախսել քթի, ականջների, սեռական օրգանի հեռացման, եղջյուրների փոխպատվաստման և մի շարք այլ վիրահատություններ ենթարկվելու համար:
Էրնանդեսը ցանկանում է ավարտին հասցնել իր վերամարմնավորումը մինչև 2025 թվականը և առեղծվածային ու առասպելական կերպար դառնալ: Նա թույլ չի տալիս, որ իրեն դիմեն արական կամ իգական դերանուններով, այլ կամենում է, որ դիմեն «նրանք»-ով:
Տարիներ առաջ Ռիչարդ Էրնանդեսը վարակվել է ՄԻԱՎ-ով և հենց այդ պատճառով էլ որոշում է կայացրել առանց ժամանակ կորցնելու ձևափոխել մարմինը:
2016 թ. նա եղջյուրների փոխպատվաստում է կատարել, ապա հորմոնալ թերապիայի կուրս անցել, և վերջում սեռափոխվել՝ կին դառնալով: Այսօր նա ցանկանում է անսեռ դառնալ: Նա մի քանի արտասովոր վիրահատություններ ևս կատարել է. հեռացրել է ատամները՝ թողնելով միայն վեցը, աչքերի բիբերը կանաչ է ներկել՝ սողունի նմանվելու համար:
«Իմ նպատակը գենդերային կարծրատիպերը կոտրելն է և մյուսներին հորդորելը՝ թողնել այն ընկալումը, որ միայն երկու սեռ գոյություն ունի: Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ մենք նույնչափ խելացի, բարի, մարդասեր ենք, ինչպես մնացած բոլորը: Միայն այն պատճառով, որ ես այլևս ականջներ չունեմ, չի նշանակում, որ իմ ուղեղը ևս հեռացված է, և ես հիմար եմ»,- ասում է Ռիչարդը:
Նա նախկինում ԱՄՆ հզորագույն բանկերից մեկի փոխնախագահն է եղել և զբաղվել է որդու խնամքով: