Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր ժամը 13։00-ի, 15։00-ի թողարկումներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մասին լուրը հայտնեցին ոչ ամբողջական։ Նշվեց, որ «Այո» շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի հանրաքվեի անցկացմանը։ «Ոչ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը։

Այն մասին, որ «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ սկսում են խորհրդակցություններ «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու մասին, չնշվեց։ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրառում էր արել, որ հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ հրապարակավ դիրքորոշում են հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Մելիքյանը նշել էր, որ իրենց նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հանրային միջոցներով գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությանը քաղաքացիներին տրամադրել լիարժեք տեղեկատվություն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մեդիա պաշտպան»-ը արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է եթերի բովանդակությունը, յուրաքանչյուր խախտում արձանագրվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել