Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: 

Փակ է Գնդևազ-Սարավան-Գորայք ավտոճանապարհը (բուք): Մ-2 ավտոճանապարհի 148-րդ կմ կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար և տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները, Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Վայք քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ և Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել