Armlur.am-ը գրում է.

Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության կառավարության անդամ, ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, առ այն, որ այց է կատարել մի շարք համայնքներ:
Նա մասնավորապես նշել էր. «Պարզ ու անկեղծ զրույցները ցույց տվեցին, թե մարդիկ որքան են հիասթափված երկրում առկա իրավիճակից, սոցիալական անարդարությունից, թե ինչպես է սասանվել նրանց հավատը, և թե որքան են նրանք կարոտ պարզ, մարդկային ու սրտացավ վերաբերմունքի։ Ի հեճուկս նրանց գլխներով անցած հազար ու մի փորձանքների, կրած դժվարությունների ու չարչարանքների՝ մարդիկ, այդուհանդերձ, հույսներն իսպառ չեն կորցրել, որ հնարավոր է փոխել իրավիճակը, երկիրը դուրս բերել քաղաքակիրթ զարգացման ճանապարհ, արմատական բարեփոխումներ իրականացնել և քաղաքացիներին նորից հույս ու հավատ ներշնչել»։ Այնուհետև ավելացնում է.

«Մի քանի քննարկում եղավ, որոնց ժամանակ խոսվեց թե՛ անցյալում կատարված լրջագույն սխալների ու թերացումների, և թե՛ ստեղծված իրավիճակից դուրս գալու գործուն մեխանիզմների մասին։ Առանձնակի կարևորեցինք մենաշնորհների հաղթահարման և փոքր ու միջին բիզնեսի համար տնտեսական բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը»։

Հաճախ ենք ականատես լինում, որ տեղին կամ անտեղին քննադատվում է Արցախի Հանրապետության կառավարության նախորդ տարիների, ինչպես նաև այսօր վարվող քաղաքականությունը, իսկ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը համառորեն լռում է:

Առավել զավեշտալի է, երբ այդ մասին խոսում է կառավարության գործող անդամը, և լռությունը շարունակվում է: Տպավորություն է, որ պարոն ԱՀ պետական նախարար կիսում է այդ տեսակետը:
Մեր լրատվադաշտը Արցախում իրականացվող ծրագրերը մեծ պատասխանատվությամբ է ներկայացրել հանրությանը և հենց այդ պատասխանատվությամբ էլ խնդրում ենք՝ արձագանքեք պարոն Մարտիրոսյան:

Արձագանքեք, քանզի ամեն ինչ դառնում է սին: Մենք այս մտահոգությունը հնչեցնում ենք, որովհետև Մասիս Մայիլյանը դեռևս Ձեր կառավարության գործող անդամ է, պետական պաշտոնյա, ով պատասխանատու է նաև կառավարության գործունեության համար, ով շուրջ 5 տարի է ինչ նույն կառավարության անդամ է, և մենք երբեք ականատես չենք եղել նրա կողմից բարձացվող որևէ խնդրի, չենք նկատել նրա կողմից հնչեցվող որևէ ահազանգ, չենք նկատել նրա կողմից որևէ քաղաքական հայտարարություն / առնվազն հրապարակային ձևով նա երբեք չի արտահայտվել/:

Վերջապես, արձագանքեք պարոն Մարտիորսյան, կամ էլ Ձեր լռությունը այսուհետ մեզ թույլ կտա անելու համապատասխան հետևություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել