«Ալկատրաս» բանտի ողջ պատմության ընթացքում ընդամենը 36 բանտարկյալ է փորձել փախուստի դիմել, բայց համարվում էր, որ այդ փախուստներից ոչ մեկը հաջողությամբ չի վերջացել։ Սակայն պարզվում է, որ փախչողներից մեկը հասել է հաջողության։ ՀԴԲ-ն նամակ է ստացել մի մարդուց, որը ներկայացել է որպես Ջոն Էնգլին՝ 1962 թվականին փախուստի դիմած 3 հանցագործներից մեկը, որը համարվում էր անհետ կորած։


1962 թվականին Ջոն և Քլարենս Էնգլինները և Ֆրենկ Մորիսը փախուստի էին դիմել։ Նրանք փախուստին պատրաստվել էին մի քանի ամիս․ պատրաստել էին գործիքներ, օդափոխման համակարգում անցք էին բացել, իսկ փախուստի օրն էլ օդափոխման համակարգով դուրս էին եկել տանիք, ջրահեռացման խողովակի օգնությամբ իջել ջրի մեջ և նախօրոք պատրաստված փչովի նավակով հեռացել բանտից։ Այսքանով եռյակի հետքերն անհետանում են։ Էնգլինների և Մորիսի հետագա ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չէ, և նրանք համարվում էին անհետ կորած։

Փախուստի դիմածների գործով զբաղվում էր ՀԴԲ-ն, իսկ ավելի ուշ գործը հանձնեցին ԱՄՆ-ի Մարշալների ծառայությանը։ Մինչև 2013 թվականը ՀԴԲ-ն կասկածամտորեն էր վերաբերվում այն շշուկներին, որ հանցագործներին հաջողվել է ողջ մնալ։ Սակայն Ջոն Էնգլինի ստորագրությամբ նամակն ամեն ինչ փոխեց։

 «Իմ անունը Ջոն Էնգլին է։ Ես իմ եղբոր՝ Քլարենսի և Ֆրենկ Մորիսի հետ 1962 թվականի հունիսին փախել եմ «Ալկատրասից»։ Ես 83 տարեկան եմ և առողջական խնդիրներ ունեմ։ Ինձ մոտ քաղցկեղ են հայտնաբերել։ Այո, այդ գիշեր մենք արել ենք դա, սակայն մեծ դժվարությամբ»,- գրել է նա։

 «Եթե դուք հեռուստատեսությամբ հայտարարեք, որ ինձ բանտ կուղարկեք ոչ ավել քան մեկ տարով և բժշկական օգնություն կցուցաբերեք, ապա ես կբացահայտեմ իմ գտնվելու վայրը։ Սա կատակ չէ»։

Նամակում գրված էր նաև, որ Ֆրենկ Մորիսը մահացել է 2005 թվականի հոկտեմբերին և հուղարկավորված է Ալեքսանդրիայում, սակայն գերեզմանաքարի վրա այլ անուն է գրված։ Իսկ Քլարենս Էնգլին մահացել է 2011 թվականին։

Փախուստի դիմածների գործը կրկին բացվում է, ՀԴԲ-ն ստուգում է նամակի վրա մնացած մատնահետքերը, ԴՆԹ-ն և ձեռագիրը, սակայն արդյունքները համոզիչ չեն ստացվում։ Նամակը ստանալուց 5 տարի անց այն հանրայնացվում է, իսկ Ջոն Էնգլինին սկսում են փնտրել։ Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, ծերուկն արդեն մահացել է։ Օրինապահ մարմինները մինչև հիմա կասկածամտորեն են վերաբերվում նրանց փախուստին։ Սակայն կան մի շարք փոքրիկ փաստեր, որոնք ապացուցում են, որ փախուստը հաջողվել է։

2014 թվականին հոլանդացի հետազոտողները վերստեղծեցին փախուստի օրվա եղանակային պայմանները։ Պարզվել է, որ երեկոյան ժամը 11-ի և կեսգիշերվա միջև պայմանները բավականին բարենպաստ են եղել փախուստի համար։ Սակայն եթե հանցագործները չեն կարողացել իրենց գործն ավարտել այդ ժամանակահատվածում, նշանակում է, որ մահացել են։

Ջոնի և Քլարենսի հարազատները պնդում են, որ եղբայրներին հաջողվել է ողջ մնալ, և նրանք անգամ կապի են դուրս եկել ընտանիքի հետ։ 2015 թվականին նրանց զարմիկները՝ Քենը և Դևիդ Ուայլդերը հայտարարել էին, որ նրանք ողջ են և գտնվում են Բրազիլիայում։ Նրանք պնդում էին, որ Ջոնի և Քլարենսի մայրը 3 տարի շարունակ բացիկներ է ստացել որդիների ստորագրությամբ։

Եթե հաստատվի, որ նամակի հեղինակն իրոք Ջոն Էնգլինն է, ապա եղբայրները կդառնան միակ հանցագործները, ում հաջողվել է փախուստի դիմել «Ալկատրասից»։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել