168.am-ը գրում է.

«Հայ-գերմանական հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, սակայն այն շարունակում է չօգտագործվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս օրակարգին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ, ի թիվս երկկողմ հանդիպումների, մասնակցելու է Մյունխենի անվտանգության 56-րդ համաժողովի բացմանն ու աշխատանքներին: Հայտնի է, որ համաժողովին չեն մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ համաժողովի մասնակիցների ցանկը բավականին ներկայացուցչական է և ներառում է բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ աշխարհից:

Ուվե Հալբախն ասաց, որ հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տարվա ընթացքում բարձրաստիճան շփումների տեսանկյունից եղել են նորմալ: Նրա գնահատմամբ՝ կողմերի հայտարարությունները բովանդակային տեսանկյունից եղել են ողջունելի: Սակայն, ըստ նրա, կարևոր է, թե ինչ աշխատանք է արվում այդ հայտարարություններն իրականություն դարձնելու համար:

«Մեզ հայտնի չէ, թե առարկայական ինչ քայլեր են արվել հայ-գերմանական հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում, քաղաքական համագործակցության և բարեփոխումների ոլորտում հստակեցնելու ուղղությամբ. Գուցե արվել են, սակայն դեռ տեսանելի կերպով չեն հայտնվել տեղեկատվական դաշտում: Կարծում եմ՝ պատճառները և՛ Երևանում են, և՛ Բեռլինում: Գերմանական կողմի մոտեցումները կարող եմ բացատրել ներքաղաքական անկայուն իրավիճակով և ԵՄ անդամ երկրների ղեկավարների միջև առկա տարաձայնություններով: Այս խնդիրների ֆոնին Արևելյան գործընկերությունն ընդհանուր առմամբ մղված է ետին պլան, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները Գերմանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում չեն:

Նման դեպքում ավելի մեծ ակտիվություն պետք է ցուցաբերի Հայաստանը կամ ԱլԳ մյուս երկրները՝ հաշվի առնելով այն ճգնաժամային միտումները, որոնք այսօր առկա են Եվրոպայում: Վստահաբար, ԱլԳ-ն ունի ապագա, լավ ապագա, ԵՄ-ն այնուամենայնիվ լուրջ ծրագրեր ունի՝ հարևանության քաղաքականության հետ կապված, սակայն, մինչ ներկայիս անցումային փուլի կարգավորումը:

Այսօր տպավորություն է, որ ԵՄ ընդհանուր նպատակները անդամ երկրներից շատ քչերին են հետաքրքրում, իսկ ոմանք միմյանց միջև տարաձայնություններ ունեն, ինչն արգելակում է ԵՄ բնականոն զարգացումն ու գործունեությունը: ԵՄ-ն այսօր կոնսենսուս ունի ընդլայնման քաղաքականության հարցում, ընդլայնում դեռ չի նախատեսվում, ավելին՝ այսօր հեռանում են ԵՄ-ից, և այս խնդիրն է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, ինչպես լուծել այն խնդիրները, որոնք նման տրամադրությունների պատճառ են դառնում ԵՄ անդամ երկրներում: Ուստի քաղաքականությունը վարելիս պետք է հաշվի առնել այս ամենը, հասկանալ, որ ԵՄ-ն դեռ կենտրոնացած է իր ներքին խնդիրների վրա: Կհետևենք այն հայտարարություններին, որոնք հնչում են Գերմանիայում այս օրերին հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ: Կարծում եմ՝ կարևոր են լինելու նաև այն ելույթները, որոնք կհնչեն Մյունխենում, դրանք վերաբերելու են մեզ բոլորիս, բացահայտելու են և արտացոլելու են աշխարհի ներկայիս զարգացման ուղղությունները՝ երկրներին քաղաքականության մեջ կողմնորոշվելու հնարավորություն տալով»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել