Hraparak.am-ը գրում է․

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ՀՀ իշխանությունների՝ երկիրը հերթական արկածախնդրության մեջ ներքաշող նոր քայլերը: ՀՅԴ ՀԳՄ-ն նաև կոչ է արել ՀՀ քաղաքացիներին՝ անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն:

Հայտարարության վերջին տողում էլ նշել է, որ նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ ակտիվ գործողություններ: 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից փորձեցինք հետաքրքրվել՝ ի՞նչ գործողություններ են իրականացնելու, նշեց․

«Մանրամասն գործողություններին դեռ կանդրադառնանք, որովհետեւ մշակման փուլում է։ Մենք պարզապես հայտարարության մեջ ցանկացել ենք նշել, որ մենք մեր գործողություններում պասիվ կեցվածք չենք որդեգրելու, ակտիվ գործողություններ ենք ձեռնարկելու՝ մեր ասելիքը, մեր փաստարկները մեր հասարակությանը ներկայացնելու իմաստով։ Եթե կուսակցություններ կան, որոնք գնահատականը տվել են եւ ասել են՝ անիմաստ ա, ապա մենք ակտիվություն կցուցաբերենք։ Հակառակ կարծիքին ենք, որ մեր ասելիքը հասարակությանը տեղ հասցնենք»։

Հարցին՝ քարոզարշա՞վ է լինելու, գնալո՞ւ են փողոց առ փողոց հանրաքվեին դեմ արտահայտվեն, Սաղաթելյանը պատասխանեց․ «Այո, մեր ասելիքը հասարակությանը տեղ հասցնելու համար դիմելու ենք օրենքով ընձեռված բոլոր հնարավորություններին։ Հիմա գործողությունների մշակման փուլում  է։ Մենք ասել ենք, որ կոչ ենք անում տարբեր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության եւ այլ ջանքերը միավորելու։ Մենք նաեւ կոնսուլտացիաների մեջ ենք այլ ուժերի հետ, երբ գործողությունները կհստակեցվեն, մենք մեր քայլերը կներկայացնենք»։

Սաղաթելյանը չմանրամասնեց՝ որ ուժերի հետ են բանակցում։ Նշեց նաեւ, որ ՀՀԿ-ի հետ քննարկում չեն ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել