Pastinfo.am-ը գրում է․

Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելը կքրեականացվի։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրության նախաձեռնությանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծեց՝ նախագծի նպատակն է ապահովել մանկության պաշտպանությունը, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը։

«Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով»,-նշեց նախարարը։

Զարուհի Բաթոյանի խոսքով այդ արարքները կպատժվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել