1in.am-ը գրում է.
Հուլիս ամսվանից սկսած մեր հայրենակիցները մտածում են իրենց հանգիստը կազմակերպելու մասին, սակայն նույնիսկ այս հարցը զերծ չէ դժվարություններից:
Պարզվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Թուրքիա և նույնիսկ եվրոպական երկրներ Վրաստանից մեկնելը շատ ավելի էժան է, քան Հայաստանից, հետևաբար պետք է նախ մեկնել Վրաստան, հետո՝ հանգստի:
Զանգահարելով մի քանի տուրիստական գործակալություններ՝«Առաջին լրատվական»-ը պարզեց, որ օրինակ՝ Հայաստանից Անթալիա մեկ տոմսի արժեքը կազմում է 250 եվրո, իսկ Վրաստանից՝ 280 եվրո, Դուբայի տոմսի արժեքը Հայաստանից 150․000 դրամ է, Վրաստանից՝ 120․000:
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ասենք՝ Իսպանիա, Իտալիա, ապա տոմսերի գների տարբերությունը էապես զգալի և մեծ է:
Օրինակ՝ Իսպանիա կամ Իտալիա մեր հայրենակիցները նույնպես նախընտրում են մեկնել Վրաստանից: Վրաստանից տոմսն արժե 220 եվրո, մինչդեռ Հայաստանից` 430 եվրո. ստացվում է, որ շահում ես 200 եվրոյից ավելի:
Ի դեպ, տուրիստական գործակալություններ դիմելիս, աշխատակիցները սկզբում չեն առաջարկում ավելի մատչելի երթևեկության տարբերակը, դու պետք է ինքդ իմանաս, որ Վրաստանից տոմսերը շատ ավելի էժան են: Դե իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի մեկնող «Ֆորդ» մակնիշի բարձրակարգ միկրոավտոբուսի մեկ տոմսի արժեքն ընդամենը 7000 դրամ է:
Նկատնեք նաև մեկ այլ հնարավոր անախորժություն, որի մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Ռիմա Թրավել» ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը: Տոմս գնելիս պարտադիր է վերցնել կտրոն և համոզվել, որ տվյալ տուրիստական գործակալությունն ունի տարիների փորձ. «Խնդիրներ են առաջանում, որովհետև կարող է այդպիսի տուրիստական գործակալություն իրականում գոյություն չունի, և հաջորդ օրը գալիս-տեսնում ես դռները փակ են, նման խաբեություններ էլ են պատահում»: