ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արմավիրի մարզի Ապագա համայնքի բնակիչները: Վերջիններս հայտնում են, թե գյուղում  ցրտերն ընկնելուն պես դադարում է գործել գյուղի միակ մանկապարտեզը:

Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ հաստատեց Ապագայի համայնքապետ Պետրոս Ավագյանի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ համայնքի երեխանները զրկվում են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ձմռան ամիսներին մանկապարտեզը չի գործում՝ նշելով, որ պատճառը համայնքի բյուջեի պակասությունն է:

«Մանկապարտեզը բացվել է մարտի 1-ից մինչև դեկտեմբեր, իսկ այս տարի գործել է մինչև նոյեմբերի 1-ը: Մանկապարտեզը փակվել է ֆինանսական խնդիրների պատճառով: Գյուղացիներն իրենց հարկային պարտավորությունները չեն կատարում. բա էս դեպքում ես մանկապարտեզը ոնց պահեմ: Ես անգամ չեմ կարող մարզպետարան դիմել, քանի որ 12 մլն հավաքագրում եմ արել, այդ բողոքող ծնողներից շատերը հրաժարվում են հարկերը վճարել, ընդամենը 10 հազար դրամի մասին է խոսքը»,-ասաց համայնքի ղեկավարը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նա Ապագայի համայնքի ղեկավար է ընտրվել հեղափոխությունից հետո, և բնակիչներն, օգտվելով այդ փաստից, հրաժարվում են հարկային պարտավորությունները ճիշտ ժամանակին կատարելուց:

«Ես այդ հարցը մինչև մարզպետարան բարձրացրել եմ, որ բնակիչներն, օգտվելով հեղափոխությունից, խուսափում են հարկեր վճարել»,-հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել