2015 թ. աշխարհի կինոթատրոններում ցուցադրվեց «Աղջիկը Դանիայից» ֆիլմը, որում առաջին անգամ բարձրաձայնվեց Լիլի Էլբեի մասին՝ առաջին մարդու, որը սեռափոխման վիրահատություն է տարել: Իրական պատմությունը շատ ավելի բարդ ու խճճված է եղել, քան ֆիլմում նկարագրվում է:
Լիլի Իլզե Էլվենեսը, առավել հայտնի որպես Լիլի Էլբե, ծնվել է Էյնար Մագնուս Անդրեաս Վեգեներ անունով 1882 թ. դեկտեմբերի 28-ին Դանիայում: Երբեմն նրա ծննդյան թիվը համարում են 1886 թ., ինչի պատճառն այն է, որ այդպես նշված է նրա վերաբերյալ կենսագրական գրքում՝ որոշակի անձնական տվյալներ թաքցնելու ու պահպանելու նպատակով: Էյնար Մագնուս Անդրեաս Վեգեները հայտնի նկարիչ-պեյզաժիստ էր: Նա սովորել էր Կոպենհագենի կերպարվեստի դանիական արքայական ակադեմիայում, որտեղ ծանոթացել է Հերդա Գոթլիբի՝ տաղանդավոր նկարչուհու հետ, ով էլ հետագայում դարձել է նրա կինը: Նրանք ամուսնացել են 1904 թ., երբ Վեգեները 22 տարեկան էր, իսկ Գերդան՝ 19: Նրանք ամուսնացած են եղել մինչև 1930 թ., երբ սկսվեց Վեգեների փոխակերպումը տղամարդուց կնոջ:
Զույգը ճամփորդել է Իտալիայում և Ֆրանսիայում, ապա հաստատվել է Փարիզում 1912 թ.: Այստեղ Վեգեները կարողացել է կնոջ կերպարում առավել ազատ կենսակերպ վարել՝ իրեն դնելով սեփական քրոջ տեղը: Իսկ կնոջ փոխակերպումը սկսել է այն պահից, երբ մի անգամ աշխատանքի չեկավ Հերդայի բնորդուհին, որին նա պետք է նկարեր: Հերդան ամուսնուն խնդրեց զուգագուլպաներ ու բարձրակրունկ կոշիկներ հագնել, որպեսզի կարողանա բնորդուհու փոխարեն նրան որպես կերպար ընդունել: Դրանից հետո Վեգեները հաճախ սկսեց կնոջ հագուստ կրել, ապա հանրությանը ներկայանալ «Լիլի Էլբե» անունով՝ իրեն բոլոր պարագաներում որպես կին ներկայացնելով: 1920-ականներին Վեգեները այդ կերպարով տարատեսակ միջոցառումների էր հաճախում և իր հյուրերին ընդունում:
1930 թ. Լիլի Էլբեն ուղևորվեց Գերմանիա՝ սեռափոխման վիրահատություն իրականացնելու, որն այդ տարիների էքսպերիմենտալ էր: Երկու տարվա ընթացքում չորս վիրահատությունից բաղկացած շարք իրականացվեց: 1930 թ. հոկտեմբերին դանիական դատարանը զույգի ամուսնությունը անվավեր ճանաչեց, և Էլբեին հաջողվեց փոխել սեռը, անունը: Նա անգամ դադարեց գեղանկարչությամբ զբաղվել, քանի որ դա համարում էր նախորդ կյանքի մի մաս:
Ավելի ուշ Լիլին հարաբերությունների մեջ մտավ ֆրանսիացի արտ-դիլեր Կլոդ Լեժենի հետ, ում հետ երազում էր ամուսնանալ ու նրանից երեխաներ ունենալ: Նա անհամբեր սպասում էր վերջին վիրահատությանը, երբ պիտի նրա օրգանիզմում արգանդ տեղադրվեր. դա նման բնույթի առաջին վիրահատություններից մեկն էր աշխարհում: Դա և ևս մի էքսպերիմենտալ վիրահատություն անցկացվեցին 1931 թ.: Լիլիի իմունային համակարգը չընդունեց արգանդը, որն էլ հանգեցրեց սրտի աշխատանքի դադարի: Լիլին մահացավ 1931 թ. սեպտեմբերի 13-ին՝ վիրահատությունից 3 ամիս անց:
Հերդան՝ Լիլիի նախկին կինը, մի քանի տարի ամուսնության մեջ մնաց իտալական բանակի սպա Ֆերնանդո Պորտոյի հետ, որը խլեց կնոջ կարողությունը: Ամուսնալուծությունից հետո 1936 թ. Հերդան վերադարձավ Դանիա, սկսեց ալկոհոլը չարաշահել և 1940 թ. մահացավ աղքատության մեջ: