Ինչու՞ գնալ

Բաթումին Սև ծովի լավագույն հանգստավայրերից է: Սովետական ժամանակներին այստեղ գալիս էին ընտանիքներով: Այդ ժամանակներից ի վեր գրեթե ոչինչ չի փոխվել: Բաթումին արդյունաբերական քաղաք է և առևտրային հին նավահանգիստ: Այստեղ զվարճանքների մեծ հնարավորություն կա, որոնցից տեղաբնակների համար ամենասիրելին դելֆինարիումն է, որի կողքին տեղակայված է բուսաբանական այգին: Թբիլիսիից Բաթումի օդանավը հասնում է մոտ մեկ ժամում:

Ե՞րբ գնալ

Եթե ցանկանում եք ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին, ապա կարող եք գնալ տարվա ցանկացած եղանակին: Իսկ եթե ցանկանում եք վայելել ամառային հանգիստը, ապա զբոսաշրջիկների ամենամեծ զանգվածն այստեղ է գալիս հունիսի վերջից, երբ ծովն արդեն տաքացել է:

Ինչպե՞ս հասնել

Բաթումի կարելի է հասնել մի քանի ճանապարհով: Երևան-Բաթումի գնացքը ձեզ Բաթումի կհասցնի միջինը 10000 դրամով, իսկ եթե գնաք միկրոավտոբուսով, ապա դա ձեզ վրա կնստի 6000-8000 դրամ, իսկ գնալ-գալը կնստի մոտ 9000 դրամ: Կարող է գտնվեն նաև բարի մարդիկ, ով ձեզ անվճար կհասցնեն Բաթումի, հաճախ հետաքրքրվեք սոց.ցանցերում:

Որտե՞ղ մնալ

Ինչպես ցանկացած հանգստավայր, Բաթումին առաջարկում է բնակավայր գտնելու բազմաթիվ տարբերակներ: Կարող եք սեփական տուն վարձել, որը կարժենա օրական 10-20 դոլար: Հոսթելներում մոտավորապես նույն գինն է: Առանձնապես հարմարություններ չկան, սակայն էժան է նստում: Իսկ եթե ցանկանում եք մնալ հյուրանոցում, ապա ընտրությունը մեծ է՝ ոչ թանկ հյուրատներից, որտեղ երկու հոգու համար սենյակը կարժենա 20$, մինչև հյուրանոցներ, որտեղ սենյակներն արժեն մոտ 150$:

Ի՞նչ տեսնել

Բուսաբանական այգի: Այն տեղակայված է Բաթումիից 9 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Այն անվանում են Կանաչ հրվանդան: Բուսաբան Անդրեյ Կրասնովը, ուսումնասիրելով ողջ աշխարհի ֆլորան, եկել է այն եզրահանգման, որ Սև ծովի ափն իդեալական վայր է հեքիաթային բուսաբանական այգու համար: Բաթումիի բուսաբանական այգին իր նմանը չունի ողջ աշխարհում. այն իսկական դրախտ է երկրի վրա: Հազարավոր բույսեր ողջ աշխարհից ապրում են իրար կողք: Նրանց թիվն անցնում է 2000-ը, որոնցից միայն 104-ն են կովկասյան ծագման:

Տաճարներ: Բաթումին հոգևոր բարձր մշակույթի քաղաք է: Այստեղ շատ են եկեղեցիները, տաճարներն ու մզկիթները: Բաթումիում խորապես հարգում են մարդու հոգևոր զգացմունքները: Սուրբ Մարիամ Աստվածածնի Մայր Տաճարը պատրաստված է հատուկ քարից, որ փոխում է իր գունավորումը՝ կախված եղանակից: Դրանից մի-փոքր հեռու տեղակայված է Սուրբ Նիկողայոսի եկեղեցին, որը կառուցվել է XIX դարում: Բաթումիի զբոսայգում տեղակայված է Սուրբ Վառվառայի տաճարը: Բաթումիում օսմանների տիրապետության ժամանակ կառուցված մզկիթը գործում է մինչև այսօր: Գամսախուրդիա փողոցի վրա է գտնվում հայ լուսավորչական եկեղեցին: Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է դեռևս 1890 թվականին:

Թանգարաններ: Ավելի քան 100 տարի է, ինչ գործում է Բաթումիի հնագիտական թանգարանը, որտեղ ներկայացված են հունական և հռոմեական հնագույն ժամանակաշրջանի նմուշներ: XX դարի 90-ական թվականներից գործում է նաև Արվեստների Աջարայի պետական թանգարանը:

Թատրոններ: XX դարի ճարտարապետական հուշարձաններից է Պետական դրամատիկական թատրոնը: Այն գործում է 1937 թվականից: Քաղաքում գործում են նաև Տիկնիկային թատրոնն ու Պատանի հանդիսատեսի թատրոնը:

Ամրոցներ: Գոնիոյի ամրոցը գտնվում է Բաթումիից 12 կմ դեպի հարավ հեռավորության վրա, Չորոխի գետի ձախ ափին: Ամրոցի պատերի ընդհանուր երկարությունը կազմում է 900 մետր:


Որտե՞ղ սնվել

Քանի որ այժմ Բաթումին անընդհատ փոփոխում է իր դեմքը, ապա փոքրիկ սրճարանները, որտեղ կարելի է էժան և համեղ սնվել, անհետանում են: Վրաստանում, ընդհանրապես, միշտ համեղ են կերակրում, ուստի նման խնդիր չեք ունենա: Առաջին հերթին, իհարկե, արժե փորձել աջարական խաչապուրին: Չմոռանաք համտեսել վրացական խորովածը, սացիվին, խինկալին, պելամուշին և չուրչխելան: Գինիները նույնպես արժանի են ուշադրության, հատկապես սպիտակ «Ցոլիկաուրին» և կարմիր «Չխավելան»:

Հասարակական տրանսպորտը

Բաթումիում գործում են երթուղային տաքսիներ ու ավտոբուսներ (գինը 0.30 դոլար), սակայն դրանք ձեզ դժվար թե պետք գան, եթե մտադիր չեք հանգստանալ լողափից հեռու:

Գիշերային կյանքը

Հիմնականում ակտիվ է այնտեղ, որտեղ ռեստորանները, բարերն ու ակումբներն են: Հենց այստեղ կարելի է նստել ուշ երեկոյան և ոչ ոքի չխանգարելով զվարճանալ ողջ գիշեր: Այստեղ չեն ձանձրանա նաև ազարտային խաղերի սիրահարները. իրենց դռներն են բացում «Casino Seraton»  «Casino Inturist» խաղատները:

Ի՞նչ գնել

Բաթումիում վաճառվում են վրացական ավանդական հուշանվերներ՝ փայտե արձանիկներ, վրացական հագուստ, էմալից աշխատանքներ: Քաղաքում շատ են խանութները, որտեղից կարող եք գնել հագուստ, կոշկեղեն և աքսեսուարներ: Կենտրոնից մի-փոքր հեռու գտնվում է թուրքական շուկան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել