«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետեւեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով: Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված:

Ամեն դեպքում, իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորները օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից: Եվ այս մասին երեկ ԱԺ ամբիոնից ակնարկեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին:

Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչեւ այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն՝ որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները դատավորներին պարզ հասկացրին՝ միեւնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից:

Այնպես որ, ՍԴ դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել եւ գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ էլ հեռացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ, ահա, մյուս տարբերակով էլ հանրաքվեն իսկապես տեղի կունենա: Այդ դեպքում, հստակ ժամկետներ են մատնանշված, եւ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» եւ «ոչ»-ի պայքարը: Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր: Այնուհետեւ, ըստ նախնական հաշվարկների, իշխանությանը անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար «այո» քվե»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել