Ժողովուրդ ջան, եթե մի հարց գնալու է հանրաքվեի, ուրեմն կարելի է մի քանի հարց էլ միացնել ու թողնել, որ ժողովուրդը որոշի։ Օրինակ՝ կրճատել պատգամավորների թիվը։ Հիմա 31 պատգամավորով ավել է մեր ԱԺ-ն, քան նախորդ ԱԺ-ն էր, գումարած այդքան վճարովի հիմունքներով աշխատող օգնական, հանձնաժողովներ, հանձնաժողովի նախագահի տեղակալներ, սպասարկող աշխատակազմ և այլն։ Եկեք որոշենք, որ մեզ պետք է, դիցուք, 61 պատգամավոր, ԱԺ նախագահ և մեկ տեղակալ։ Հետո որոշենք, որ ԱԺ նախագահը պետք է ունենա մեկ ծառայողական, իսկ մնացածին դա պետք չէ, ինչպես Դանիայում է, և ինչպես որպես օրինակ բերում էր Փաշինյանը։
Ընդհանրապես, քանի հանրաքվեի թեմա կա, եկեք օրենքի տառին համապատասխանող, բայց բյուջեի վրա շատ ծանր նստող ծախսեր հանենք։ Եթե ԱԺ-ի անիմաստ մեծ ծախսերը կրճատենք, ապա 30 պատգամավորի ու նրա օգնականների փոխարեն պետությունը կկարողանա առնվազն 100 հոգով հագեցնել սահմանը պայմանագրային զինծառայողներով, էլ չեմ ասում, եթե հանվեն այդքան շատ բենզինի, հոսանքի, գործուղումների ծախսերը, հավատացնում եմ՝ այդ դեպքում մենք կունենք 100 պրոֆեսիոնալ զինծառայող, որը կստանա մաքուրը 400-500 հզ դրամ աշխատավարձ։ Ինձ թվում է՝ շատ լավ առաջարկ եմ անում, ու ժողովրդի իշխանությունն ինձ կհասկանա։