1in.am-ը գրում է.

Ադրբեջանցի կինոռեժիսոր Էլմար Իմանովի ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» միջազգային տասներորդ կինոփառատոնում: «Կորիզ» անվանակարգում ներկայացված ֆիլմը չարժանացավ 2010-2012 թթ. Հայաստանում անցկացված «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» ճակատագրին: 
«Երևի հանգամանքներն են փոխվել: Հրամանը չեն տվել, որովհետև «Ոսկե ծիրան»-ը պետական պրոյեկտ է, դա նշանակում է, որ կառավարելի է, իրենց վերահսկողության տակ է»,- ասաց «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» կազմակերպիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանը: Նրա խոսքերով՝ հայ ազգը գոնե մեկ ադրբեջանական ֆիլմ դիտելու հնարավորություն ունեցավ, նշանակում է «մեծ պարսպից գոնե մի մաս, մի փշրանք ընկավ»: Ըստ Գեորգի Վանյանի՝ հայաստանցիները ծանոթացել են ադրբեջանական կինոարտադրության նմուշին, որովհետև բոյկոտելու հրաման չկար «իշխանությունների կողմից կամ իշխանությունների հրամանատարության կողմից»: 
«Ֆիլմը գերմանական արտադրության է և չի ընդգծվում որպես ադրբեջանական: Թեկուզ և ռեժիսորը ծագումով ադրբեջանցի է, բայց շատ ավելի կարևոր է, թե որ երկիրը ներկայացնող ֆիլմ է»,- «Առաջին լրատվական»-ին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի պատասխանատու Անահիտ Օրդյանը, ով չցանկացավ զուգահեռներ անցկացնել Էլմար Իմանովի ֆիլմի և նշված փառատոնի միջև, որովհետև, ըստ իրեն, սկզբունքորեն տարբեր բաներ են:
«Խոսքը հիմա գեղարվեստական ֆիլմերի փառատոնի մասին է, որի ինչ-որ ծրագրում ներկայացված է գեղարվեստորեն լավ ֆիլմ, որն արտադրված է Գերմանիայում, և ռեժիսորն էլ ադրբեջանակական ծագում ունի։ Մեր փառատոնն էլ կրում է «Մշակույթների խաչմերուկ» խորագիրը և աշխատում է այդ տեսակ խտրականություն չդնել»,- ընդգծեց «Ոսկո ծիրան»-ի մամուլի պատասխանատուն: 
«Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» ցուցադրության համար տարածք տրամադրած «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ պետք է մի շարք հասարակական կազմակերպությունների, գործիչների ու քաղաքացիների հարցնել, թե ինչու չբոյկոտվեց այս ֆիլմը: «Ինչո՞ւ չբոյկոտեցիք, հայ ժողովուրդը ձեր բոյկոտին էր սպասում, դուք էիք, որ այն ժամանակ պաշտպանում էիք ձեր հասկացածով Հայաստանի Հանրապետությունը»,- հեգնանքով ասաց Լևոն Բարսեղյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել