Hraparak.am-ը գրում է.

Հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, որը նախկին Հհկ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին է, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Այս հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ ձերբակալված զինծառայողներին դեռևս մեղադրանք առաջադրված չէ, նախաքննությունը ընթացքի մեջ է։ Մենք զրուցեցինք Առաքել Մովսիսյանի հետ՝ նրան հարցնելով, թե ձերբակալությունից հետո խոսե՞լ է որդու հետ, նա որևէ բացատրություն տվել է։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Մովսիսյանի որդին ծառայել է էլիտար զորամասում, որտեղ ծառայում եմ բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց որդիները։ Ըստ տեղեկությունների՝ Մովսիսյանի որդին զորամասում արտոնյալ է եղել՝ «չաստ նայող» և վիճաբանություն է ունեցել Վահրամ Ավագյանի հետ․

«Վերջին անգամ տեսել եմ ծառայության ընթացքում, «պրիսյագից» հետո չեմ տեսել։ Ձերբակալությունից հետո չեմ խոսել, փաստաբաններն են զբաղվում իրա գործով, ես ոչ մի բանի չեմ խոչընդոտում, ես ուրիշ բանից տեղյակ չեմ, թող փաստաբանները ձեզ պատասխանեն, դատ ա գնում»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Առաքել Մովսիսյանը։

Նրան հարցրինք, թե միջամտե՞լ է, որ իր որդին լավ զորամասում ծառայի․

«Ուրեմն ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում։ Հայաստանի Հանրապետությունում իմ տղան բարձրագույն ա սովորել , անվճար ընդունվել ա, ինքը որ պետք ա գնար «ուչեբկա», դե բարձրագույնները «ուչեբկա» են գնում, ինքը չուզեց «ուչեբկա» գնալ, ինքը ասեց՝ ես ուզում եմ իմ հայրենիքի համար ծառայեմ, գնաց «ժիրիբյովկա» քաշեց, դրան ես չեմ մասնակցել, «ժիրիբյովկա» քաշեց, ընկավ Ղարաբաղ, Ղարաբաղում էլ «ժիրիբյովկա» քաշեց․․․ ինչպես բոլորը, այնպես էլ ինքը, ոչ էլ գնացել եմ, «պրիսյագին» եմ եղել, ինքը ամենալավն ա կարդացել, բարձրաձայն, իրա պրիսյագը, որովհետև մենք իրեն դաստիարակել ենք երկրի սահմանները պահելու համար, որ ինքը պետք ա լավ ծառայի, էդքան բան։ Ես վստահ եմ, որ լավ ծառայել ա իմ որդին, իսկի չեմ էլ գնացել մոտը, քանի որ ուզեցել եմ, որ իսկական, լավ զինվոր դառնա», - ասաց Մովսիսյանն ու հավելեց․

««Ժողն» ա ընդունվել, առաջին կուրս, անվճար ա»։

Մովսիսյանին հարցրինք, թե քաղաքացիական կյանքում տղան հաճա՞խ է «ռազբորկաների» մասնակցել, ասում են, որ «չաստ նայող» է եղել․

«Սխալ հարցեր ես տալի, իմ տղան պարկեշտ տղա ա, համալսարանն էլ անվճար ընդունվել ա, էլ ինձ ըտենց հարցեր չտաս»,- ասաց Մովսիսյանն ու անջատեց հեռախոսը։ 

Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության, ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ։ Մեզ հետ զրույցում Ավագյանի հարազատները նշել էին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ դատաբժիշկը հաստատել է, որ կրակոցը եղել է զենքը վերև պահած դիրքից․

«Ստացած վնասվածքներն ինքնասպանության հետ կապ չունեն։ Դրանք սպանության հետքեր են։ Երկու փամփուշտն ուսից մի քիչ ներքեւ մտել, պոչկաներով դուրս է եկել։ Նման վիրավորում ստանալու համար պետք է ավտոմատը վերեւից  պահել․ դատաբժիշկը եւս հաստատեց, որ ավտոմատը վերեւ պահած դիրքից են կրակել» ,- «Հրապարակի» հետ զրույցում ասել էր Ավագյանի հարազատներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել