Armdaily.am-ը գրում է.

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հայտարարվեց, որ ԵՊՀ-ի նոր ռեկտորի անունը հայտնի կդառնա մարտի 23-ին։ Նշենք նաև, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր թեկնածությունը չի առաջադրելու։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով նրան մերժել է օգնել ռեկտոր դառնալու հարցում։ Մինչ այդ նա մեծ ցանկություն ուներ ԵՊՀ ռեկտորի թեկնածություն առաջադրվելու, սակայն որոշումը փոխվել է Հարությունյանի հետ զրույցից հետո։

Այսօր էլ ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նիստին Գևորգյանը շատ անտրամադիր է եղել։ Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ԵՊՀ ռեկտոր կնշանակվի ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն նա հերքել էր տեղեկությունը, չի էլ կարող վերջինս նման հայտ ներկայացնել, քանի որ չունի պրոֆեսորի կոչում։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այժմ ԵՊՀ ռեկտորի երկու թեկնածուի անուն է շրջանառվում՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան և Իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան։ Համալսարանականների համար երկուսն էլ սիրված և ընդունելի են։ Վահե Հովհհաննիսյանի թեկնածությունը առաջադրվել էր նաև մայիսին տեղի ունեցած նիստի ժամանակ, սակայն հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 21-ը քվեարկեցին Գեղամ Գևորգյանի օգտին։

Ինչպես է ընտրվում ԵՊՀ ռեկտորը

ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ։ Մրցույթի անցկացումից 40 օր առաջ հայտարարվում է այդ մասին։ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ։ ԵՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել առնվազն 3 տարի ղեկավար աշխատանքային փորձ, դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել