Hraparak.am-ը գրում է․

Հեղափոխականները մշտապես առաջնային պլան են մղում հին ու նոր Հայաստանների թեզը։ Այսինքն, Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պատմական ընթացքը տարանջատվեց երկու տարբեր իրականությունների՝ Հին Հայաստան, որը անցյալում էր և Նոր Հայաստան, որը դեռ պետք է գա։

Առաջին հերթին անհրաժեշտ է նկատել, որ յուրաքանչյուր նոր ռեժիմ իր հետ բերում է իր առասպելների ու լեգենդների մեգահամակարգը՝ միևնույն ժամանակ փորձելով ջնջել ու արմատախիլ անել առասպելների հին համակարգը։ Ռեժիմի փոփոխությունը միայն սոցիալ-տնտեսական համակարգերի փոփոխություն չէ, ըստ էության գործ ունենք արժեքային զորեղ տեղաշարժերի հետ, որոնց համատեքստում ռեժիմի փոփոխությունը առաջին հերթին հենց գաղափարական միջավայրի կերպափոխման գործընթաց է։ Իսկ առասպելները գաղափարական միջավայրի անբաժանելի մասնիկներն են, ավելին՝ դրա պարտադիր գործիքները։ Բայց հաճախ այնպես է ստացվում, որ ռեժիմի փոփոխությունն ամենևին էլ չի հանգեցնում արժեքների փոփոխության։ Իհարկե ստեղծվում են նոր առասպելներ, բայց էությունը մնում է նույնը։ 

Սա քաղաքական անխուսափելի գործընթաց է, որը կամա թե ակամա հանգեցնելու է լրջագույն մարտահրավերների, մասնավորապես արժեքային խզման։ Անցնելով նորին՝ չափազանց բարդ է լինելու հասկանալ հնի էությունը։ Իսկ հին Հայաստանի անընթեռնելի կարգավիճակը հանգեցնելու է նոր Հայաստանի անխուսափելի չհասկացվածությանը։ Արժեքային խզումն ու պատմական ընթացքի մեխանիկական անդամահատումն էլ ավելի են խորացնելու մշակութային միջավայրի ճգնաժամն ու խառնաշփոթ կարգավիճակը։ Հինն ու նորը կամրջվելու և ինչ-որ կերպ հաշտեցվելու անհրաժեշտություն ունեն։ Հակառակ պարագայում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, թե մենք ապրել ենք միայն 1991-98 թթ․ և 2018 թ․-ից հետո։ Իսկ ի՞նչ է թաքնված այս երկուսի արանքում, դատարկ տարածությո՞ւն, թե հերձվածող ու մոռացված իրականություն։ Բնական է, որ այս տրամաբանությամբ երկար չենք կարող առաջ շարժվել, անցյալում թողնված վակուումային տարածությունը մշտապես տանջելու է մեզ՝ անընդհատ հիշեցնելով իր արժևորման և գնահատման պետքի մասին։ Իմ համոզմամբ լուծումը մեկն է՝ հրաժարվել հին ու նոր եզրույթներից, քանի որ հինն ու նորը որակի երաշխիքներ չեն։ Ընդհակառակը մարդկային ընկալումներում Հայաստանի պատմական ընթացքը պետք է դիտարկվի որպես մեկ ամբողջություն։ Հանրությունը պատասխանատու է նաև իր մութ և սև էջերի համար, հակառակ պարագայում շարունակվելու է հին ու բարի երգը՝ դաշնակցականները մեղավոր են, բոլշևիկները մեղավոր են, ՀՀՇ-ականները մեղավոր են, հանրապետականները մեղավոր են, իսկ ապագայում մեղավոր են դառնալու նաև հեղափոխականները, քանի որ նրանց հեռանալուց հետո պարզվելու է, որ ամենևին էլ իրենք չեն նոր Հայաստանի ճարտարապետները, այլ այն ուժերը, որոնք դեռ պետք է գան։ Եվ այսպես շարունակ, մեղավոր անմեղներն ու անմեղ մեղավորները մշտապես պայքարելու են միմյանց դեմ՝ արգելակելով գաղափարական հասունության և զարգացման ցանկացած փորձ։ 

Ընդամենը հաշվի նստենք հետևյալ պարզունակ ճշմարտության հետ․ մենք պատասխանատու ենք Հայաստանի բոլոր անցյալների համար, քանի որ դրանք մի ամբողջություն են՝ անխառն և անշփոթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել