Pastinfo.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում քննարկել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ին միավորելու հարցը։

Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ կենտրոնը ստեղծվել է Հայաստանի տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքների իրականացման և համակարգման նպատակով` իր տեսակով հանդիսանալով միակը հանրապետությունում:

Այն իրականացնում է ՀՀ բոլոր քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշումը և ՄԻԱՎ վարակակրության կարգավիճակի մասին վերջնական եզրակացության տրամադրումը, ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշումը, ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերիզացիան և ամբուլատոր բուժումը:

Նախագծում նշվում է, որ բուժհաստատությունների միավորման նպատակը երկու իրավաբանական անձանց ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ (ներառյալ ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ) հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության և արտադրողականության բարձրացումն է, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է, առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է:

Նշվում է, նաեւ, որ ՁԻԱՀ-ին զուգորդող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք:

«Կենտրոնի միացումը Հիվանդանոցին այդ պարագայում դրականորեն կանդրադառնա հիվանդների բուժման կազմակերպման գործընթացի վրա` բարձրացնելով բուժման արդյունավետությունը»,-նշում է նախագծում:

Նախագծում նաեւ նշվում է, որ ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ հասարակությունում առայժմ առկա խտրական վերաբերմունքին նպաստում է այդ վարակի ախտորոշումը և բուժումը առանձին հաստատությունում կազմակերպելը:

«Այսպիսով ակնկալում ենք, որ նկարագրված վերակազմակերպումը կնպաստի նաև մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության վերացմանը»,-կարծում են առողջապահության նախարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել