Pastinfo.am-ը գրում է.

Պաշտոնատար անձինք պետք է ծայրահեղ զսպվածություն ցուցաբերեն քրեական գործերի վերաբերյալ հայտարարություններում, որովհետև իրենց խոսքն այսպես թե այնպես կարող է ազդել քրեական գործի քննության վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով տարածել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող Հանրային հեռուստաընկերության պատրաստած հակաքարոզչական տեսանյութը՝ գրելով, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ։

«Եթե երկրի առաջադեմ դեմքերը խոսում են քրեական որևէ գործի վերաբերյալ, պետք է զսպվածություն դրսևորեն, որովհետև դա կարող է ոչ միայն ազդել, այլև տպավորություն ստեղծել։ Տպավորությունը, որ կարող է նրանց խոսքն ազդեցություն ունենալ քրեական գործի քննության ընթացքի վրա, արդեն բավարար է՝ խախտում արձանագրելու համար»,-ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ այդ ցածր չափորոշիչը չի պահպանվում։

Դիտարկմանը, արդյոք բացահայտ չի՞ դառնում այն, որ գործադիր իշխանության ղեկավարը ճնշում է գործադրում դատական իշխանության ղեկավարի նկատմամբ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, Արա Ղազարյանը նկատեց՝ երբեք չենք ունենա ապացույց, որ ճնշման է ենթարկվել։ Նրա պնդմամբ նման ապացույցները սեղանին չեն դրվում.

«Դրա համար էլ միջազգային իրավունքն առաջնորդվում է ոչ թե ուղղակի ապացույցով, այլ անուղղակի ապացույցով։ Այսինքն եթե կարող էր ազդեցություն ունենալ, արդեն բավարար է։ Եկեք հստակորեն դատենք, ոչ ոք չի տա ապացույց, որ ճնշում եղել է։ Հո կաբինետային խոսակցությունների վերաբերյալ արձանագրությունները չեն հրապարակելու իրենց կամքով։ Ուստի ոչ ոք չգիտի եղել է, թե ոչ, բայց կարող է լինել։ Սա արդեն բավարար է»,-ասաց Արա Ղազարյանը՝ նկատելով, որ այնքան առատ են փաստերը, որ կարելի է ենթադրել՝ չէր կարող ճնշում չլինել։

Արա Ղազարյանի խոսքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներն արտահայտում են վերջինիս դիրքորոշումը, բայց նա պետք է հաշվի առնի՝ կա ընթացքի մեջ գտնվող քրեական գործ, և իր դիրքորոշումը կարող է ազդեցություն ունենալ։

«Երբեմն ինչ-որ խոսակցությունների արտահոսք լինում է, օրինակ հայտնի հեռախոսազրույցը(ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի), որն ուղղակի ապացույց էր՝ եղել է միջամտություն։ Բայց նման ապացույցները միամիտ են ծնվում, դրա համար էլ չափանիշը հիմնվում է ենթադրության, տպավորության վրա»,-հավելեց միջազգային իրավունքի մասնագետը։

Նա հավելեց՝ այստեղ, իհարկե, մարդու իրավունքների լուրջ խնդիրներն են բարձրանում, այդ թվում անմեղության կանխավարկածի, իշխանության տարանջատման սկզբունքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ միայն նախաքննական նյութերի վրա հիմնված, միակողմանի ռեպորտաժ։ Ավելի ուշ ռեպորտաժն ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ։ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ գործադիր իշխանության ղեկավարի գործողություններում առերևույթ առկա է սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմ. «Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,-գրել է Ամրամ Մակինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել