Օրեր առաջ գրել էի, թե ինչպես ռասկրուտչիկները համացանցի երախն են նետում մի որևէ օրվա հերոսի, որոնց մի մասը մինչև այդ պահը անգամ իր գորությունը որևէ կերպ ցույց չի տվել, և սկսում են քննարկել այդ անձի հետ կապված բոլոր մանրամասները՝ ներքնաշորի գույնից սկսած, հարևանի կնոջ վարքով վերջացրած: Եվ այդ աղմուկը, հարայ-հրոցը մի քանի օր շարունակ ֆեյսբուքի պատերից չի իջնում: Նմանատիպ սևեռվածություն ցուցաբերվում է անգամ աշխարհում տարբեր մակարդակներում գործունեություն ծավալող յան վերջավորությամբ ազգանուն կրող ցանկացած անձի նկատմամբ` մեկշաբաթյա լրատվական հեղեղի մեջ նետելով հերթական շտապ, շատ շտապ, սենսացիոն, հրատապ ինֆորմացիոն գոմաղբը` Հենոն դավաճան է, որովհետև թուրքի հետ է գրկախառնվել, Քիմ Քարդաշյանը հայ կոչվելու իրավունք չունի, որովհետև նեգրի հետ է քնում (ինչ է, մենք էդ գործից հասկացող, կարևորը ՀԱՅ տղա չունենք?), Վարդան անամոթաբար թելով վարտիք է հագնում` նրանից ինչ հայ (իբր մերկապարուհին պետք է ավանդական հայկական տարազ կրեր), ինչ-որ շոու բազարի թռչնակ տուտուզիկը Անթալիայում է թրջում` ամոթ է, դարավոր թշնամի, պապերի արյուն և այլն...
Հարգելի ֆեյսբուքցիներ, ինչու է մեզ թվում, թե բոլորը պարտավոր են մեզ հաշիվ տալ իրենց անձնական կյանքի համար: Մարդիկ հո կրակը չեն ընկել, որ հայ են ծնվել: Ամեն մարդ իր գործով է զբաղվում, եթե այդ գործը որոշակի դիվիդենտներ է բերում այն հանրույթին, որտեղից սերում են` նորմալ է, եթե ոչ` կրկին նորմալ է, մարդիկ են, ապրում են այնպես, ինչպես ուզում են, և պարտավոր չեն ամեն քայլից առաջ մտորել, թե ինֆորմացիայի ծարավ որևէ մեկը ինչպես կվերլուծի իր անձնական կյանքը` այն կարգելով հայեցիների և ոչ հայեցիների դասին:
Հիմա ես այս պահին Ռուսաստանում եմ հանգստանում, ինձ էլ շատ հանգիստ կարող եք մեղադրել, թե ինչպես եմ հանգստանում մի երկրում, որը զենք է վաճառում մեր թշնամուն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել