Բելառուսում է գտնվում մի արտասովոր բնակելի տուն, որը ոչ միայն հաճույք չի պատճառում հարևաններին, այլև բացեիբաց վախեցնում է նրանց և ստիպում պարբերաբար դիմել պետական հնարավոր բոլոր մարմիններին։ Բանն այն է, որ ողջ տունը «զարդարված է» մթության մեջ լուսարձակող գանգերով, կմախքներով և սարսափելի ձեռքերով, որոնք դուրս են ճողոպրում ցանկապատից։

Տան նման դիզայնը մշտապես վախեցնում է Մինսկի Ռատոմկա գյուղի բնակիչներին, իսկ հարևանները պատմում են, որ որոշ գանգեր անգամ այնպես են տեղադրված, որ նայեն իրենց տների պատուհաններին։ Բնակիչները նաև նշում են, որ ի սկզբանե տունը հաճելի տեսք է ունեցել, պատերը զարդարված են եղել թանկարժեք ժադեիտ քարերով, իսկ երեխաներն այն համեմատում էին արքայական ամրոցի հետ։ Տան սեփականատերը կառուցմանը բավականին երկար ժամանակ է տրամադրել, որոշ ժամանակով դադարեցրել է շինարարական աշխատանքները, սակայն այժմ տունը իրական դժոխքի է վերածվել հարևանների համար։

Վերջիններս նշում են, որ արտասովոր կառույցի սեփականատերն արաքնապես նման է բիզնեսմենի. նրա հետ ոչ ոք ծանոթ չէ, սակայն բոլորը գիտեն, թե ինչ ավտոմեքենա է քշում։ Ի դեպ, ավտոմեքենան ևս պատված է գանգերով։ Գյուղի բնակիչների բողոքների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները պաշտոնական այց են կատարել այս տուն, սակայն արգելված ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ տարածքը մասնավոր սեփականության իրավունքով է պատկանում սեփականատիրոջը, իսկ տունը կառուցված է ընդունված բոլոր ստանդարտներին համապատասխան։

Տեղի բնակիչների համար գանգերով պատված այս տունն իրական տեսարժան վայր է դարձել, սակայն մեծահասակներն ամեն ինչ անում են, որ երեխաները չտեսնեն այն։ Առավել հանդուրժող հարևանները չեն վախենում կառույցից և այն որպես արվեստի գործ են ընդունում, սակայն միաժամանակ նշում են, որ նման տան մեջ իրենք երբեք չէին բնակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել