տանս տարածքներում ապրող մուկիկներից մեկը բնադրվել էր խոհանոցի կահույքի ետնամուտքում
ու նրա գոյության մասին չէի էլ իմանա
թե չլինեին սև մանրիկ ծրտիկները
որ ամեն օր թողնում էր այստեղ այնտեղ
խոհանոցի կահույքի ետնահատակի սահմաններում
ու չէի ուզենա երբևէ սպանել նրան
ավելի ուշ՝ նրանց
թե չլինեին հատակին պատահաբար ընկած վարունգի կճեպի վրա մնացած պստլիկ հետքիկները
ու չէի ուզենա երբևէ սպանել նրանց
թե չլիներ վախը
որ կարող էին շատանալ
ասել էր ախր նախկին հարևանս
որ մուկիկը միայնակ չի լինում
ու երբ առաջին մուկիկն ընկավ թակարդը
որ լարել էի հատուկ նրա համար
նախապես մտքումս ներողություն հայցելով
որ խլելու եմ կյանքը
բայց հետո բկին դրել էի յուղոտ պանրի մի կտոր
ու որը չէր էլ հասցրել ուտել
ու պստլիկ քթիկն ընդամենը կպել էր պանրի անուշ բույրին
ու ծանր երկաթե պարանն իջել էր պարանոցին
ստիպելով նրան լքել այս կյանքն
ու չէի կազմակերպի էս ամեն ինչը
թե չլիներ վախը
որ կարող էին զույգով բազմանալ ու դառնալ մի քանիսը
հետո տասն ու քսանը
հետո հազարը
հետո գրոհել միասին
տանիցս վտարել
կամ էլ բանտարկել
թաքուն հարձակվել գիշերով
երբ փամփլիկ մարմինս հանգչեցնում եմ անկողնում
ու առնում անուշ քունս
հետո կրծոտել սկզբից նույն փափմլիկ մսերս
հետո ոսկորներս
կամ էլ հակառակը
ու հենց էդ վախից դրդված
ուզեցի հայտնաբերել
թե ճիշտ էր արդյոք նախկին հարևանս
երբ ասում էր թե մուկիկը միայնակ չի լինում
ու երբ պատշգաբում դիտմամբ թողնված կերակրի մնացորդներն առավոտյան չէր լինում
արդեն հասկացա
ինչն ինչոց էր
ու երկրորդ անգամ լարվեց թակարդը
էս անգամ արդեն գայթակղելով մի կտոր որսորդական երշիկով
ու առավոտյան մի լացելու տեսարան էր
ու չգիտեի ինչն անել հոգևավարքի մեջ մահացող մուկիկի հետ
երբ առավոտյան տեսա
ու երկաթե պարանը նուրբ վզիկին ինչպես ապարանջան կրած մուկիկը չի մահացել, ախ
չէր մահացել ու գլուխը ցնցում էր էս ու էն կողմ, ախ
ու չէի էլ մտել պատգշամբ արթնանալուն պես
ու լուսամուտից տեսել էի որ թակարդը լիքն է
ու կես ժամ թրև էի տալիս տանս մեջ
իսկ խեղճ մուկիկը դեռ տանջվում էր այդքան ժամանակ, ախ
ցնցելով պստլիկ գլխիկն էս ու էն կողմ, ախ
ու էդպես ցնցելով թակարդը հետը քարշ էր տվել պատշգամբի մի ծայրից մյուսը, ախ
ու ամբողջ ժամանակ ցնցում էր գլխիկն ու երբ մտա պատշգամբ
նայեց աչքերիս մեջ
ու  տեսա նրա հայացքը
ու նա տեսավ թե ոնց մտավ պատշգամբ
իմ խեղճ մուկիկը
որն ամբողջ էս ժամանակ կերել էր ընդամենը մեկ հատիկ վարունգ
մի տասը հատ ծիրանի կորիզ
ու մանր մունր այլ աղբ
ու ես անմիջապես մոտեցա թակարդին
սկզբից չհավատալով
որ դեռ մեռած չէ
ու անմիջապես հանեցի երկաթե սողնակը
ու մուկիկը վազեց ճխլտված վզով
անտանելի տեսարան էր
ասեմ
ճխտլված վզով մուկիկը
որն ուզում էր ապրել
ու նա վազեց
նայելով աչքերիս մեջ
յուր թշնամուն
որ կանգնած էր դեմ դիմաց
ու նա՝
մուկիկի թշնամին
ու նա՝
զազրելի այդ թշնամի
իրեն չկորցրեց
անմիջապես վազեց մուկիկի հետևից
որը սողալով փորձում էր փրկել կյանքը
վերցրեց նրան գետնից ու շպրտեց հինգերորդ հարկից
վերջնականորեն զրկելով կյանքից
կներես մուկիկ
որ վերջակետ դրի քո կարճ ճանապարհորդությանը
մեկ օր էլ իմ վերջը կտա
էն թշնամին
որ հաճախում է բոլորի տուն
կներես մուկիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել