«Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային միության ղեկավար, Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով:

Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, որը իր ամբողջ կյանքը նվիրել է հայերի, Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին:

«Այսօր նա այն քչերից մեկն է, որը պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքներին:

«Համշենուհի» միությունը կոչ է արել մարդու իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին միանալ իրենց նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին: Հարկ է նշել, որ այս կազմակերպության կողմից Կարո Փայլանն արդեն 2-րդ անգամ է առաջադրվում Նոբելյան մրցանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել