Armdaily.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ զինված տղամարդը մուտք էր գործել «Էրեբունի պլազա»-ի տարածք, կրակոցներ հնչեցրել։
Հայտնել էինք նաև, որ կրակոցներ արձակած տղամարդը 33-ամյա Արթուր Թորոսյանն է:
Թորոսյանը կրակոցներ էր արձակել հարթափող 16 տրամաչափի հրացանով։
ArmDaily.am-ը որսորդական խանութներից մեկից որպես գնորդ ներկայանալով ճշտեց, որ որսորդական հարթափող հրացանների գները սկսում են 80 հազար դրամից։ Սակայն օրինակ WALTTER M13-ն արժե մոտ 200 հազար դրամ, իսկ WALTTER M16-ը՝ մոտ 350 հազար դրամ։ Կան ավելի թանկ հրացաններ։
Որսորդական զենքը քաղաքացիներին վաճառվում է բժշկի տեղեկանքի, որսորդական տոմսի, անձնագրի ու լուսանկարի պարագայում, իսկ ուժային կառույցի աշխատակիցները բժշկից տեղեկանքի փոխարեն կարող են ներկայացնել աշխատանքի վայրից տեղեկանք։ Խանութում կազմվում է դիմումը, իսկ ամբողջ գործընթացը տևում է 1-2 օր։
Նշենք, որ դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով), 235-րդ հոդվածի 1-ին մասի ( Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով։ Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Այսինքն Թորոսյանին սպառնում է առավելագույնը 17 տարվա ազատազրկում։
Նրան առաջադրված մեղադրանքից պարզ է դառնում, որ զենքը, որն օգտագործել է հարձակման ժամանակ ապօրինի է եղել։