Epress.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ստորագրահավաք են անցկացրել և նամակ գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով փոխել թոշակների բաժանման գործող մեխանիզմը: Այս մասին Epress.am-ին ասել է Քուչակ համայնքի նախագահ Հովիկ Ամիրյանը:
Երեկ գյուղացիները բողոքի ակցիա էին անցկացրել՝ փակելով դեպի Վանաձոր տանող ճանապարհը: Ամիրյանի խոսքով՝ ակցիան արդյունք չի տվել, և «Հայփոստի» ղեկավարությունը մնացել է իր համոզմանը, որ թոշակները այդ գյուղերում պետք է բաժանվեն գյուղեր եկած մեքենաների կողմից, այլ ոչ թե «Հայփոստի» գրասենյակներում:
Ծաղկաշեն գյուղի գյուղապետ Խալաթ Ոսկանյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ մեքենաներն ամեն գյուղում մնում են 30 րոպե, իսկ ովքեր չեն հասցնում այդ ընթացքում գալ կամ մնում են հերթի մեջ, զրկվում են թոշակ ստանալու հնարավորությունից:
Շենավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանն էլ Epress.am-ին ասել է, որ իրենց թոշակառուների վրա փորձեր են անում, որ հետագաայում այդ նույն սկզբունքը տարածեն այլ գյուղերի վրա:
«Երկու ոտը մի կոշիկի մեջ են մտցրել, ասում են, որ չեն փոխի այդ մեխանիզմը: Ասում են՝ էքսպերիմենտ, փորձարջան են անում: Գյուղացիներին դա հարմար չէ, քանի որ վաղը-մյուս օր անձրև կգա, թաշակառուները չեն կարող անձրևի տակ մեքենայի մոտ հերթ կանգնեն: Հետո էլ ձյուն կգա, մեքենաները գյուղ չեն մտնի»,- ասել է Շենավանի գյուղապետը: