AntiFake.am կայքի հետաքննությունը պարզել և հանրայնացրել է մարդկանց, ովքեր Youtube հարթակում պատրաստել և տարածել են բացահայտ սուտ, կեղծիք և զրպարտություն պարունակող տեսանյութեր: Այդ տեսանյութերը անվանարկում և բացահայտ զրպարտում են Հայաստանի իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, առանց որևէ փաստ ու փաստարկի խեղաթյուրված ու թշնամանք սերմանող քարոզչություն են իրականացնում մի շարք արտասահմանյան երկրների ղեկավարների հանդեպ:

antifake.am կայքի հրապարակումից անցել է տևական ժամանակ, և պատկան մարմիններից չկա որևէ արձագանք: Այդ ալիքների հեղինակները, սակայն, միայն Փաշինյանի ընդդիմախոսներով չեն սահմանափակվել․ նրա «կշիռը» բարձրացնելու համար ապատեղեկատվության զոհ են դարձրել նաև համաշխարհային առաջնորդներին, կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով ազգամիջյան թշնամանք հրահրել:

Ավելին՝ կառավարության պատկան օղակների ներկայացուցիչներն անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց հայտնի է այդ մարդկանց ինքնությունը, սակայն զարմանալիորեն որևէ քայլ չեն ձեռնարել հանրության տեղեկատվության անվտանգության պահպանման ուղղությամբ: Փաստացի կեղծիք, թշնամանք և զրպարտություն տարածող խումբը հայտնի է, բայց այդ գործունեությունը կասեցնելու համար Հայաստանի իշխանությունը այս շուրջ մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորը մտահոգություն է հայտնում պետական հաստատությունների անգործության առիթով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, տեղեկացված լինելով Youtube հարթակում գործող ատելություն, սուտ, կեղծիք և բացահայտ զրպարտություն ստեղծող խմբի գործունեության մասին, որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկում օրենքի տառին համապատասխան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ հիմքեր տալով եզրակացնելու, որ ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև մտահոգություն է հայտնում տարածված լուրերի առթիվ, համաձայն որոնց, antifake.am կայքի բացահայտած զրպարտություն ստեղծող և տարածող խմբի գործունեությունը համակարգվում և ֆինանսավորվում է կառավարական օղակներից: Կոչ ենք անում պատկան մարմիններին ժամ առաջ սկսել հետաքննություն և պարզել լուրերի իսկությունն ու պատասխանատվության ենթարկել ատելություն, զրպարտանք և կեղծիք տարածող խմբին:

Անընդունելի է, որ ժողովրդավարական կառավարման համակարգում ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվեն իշխանությունների կողմից, ուստի մենք հայտարարում ենք, որ ստի, կեղծիքի, ատելության խոսքի և զրպարտության դեմ պայքարի համատեքստում ամենայն ուշադրությամբ հետևելու են Հայաստանի կառավարության գործունեությանը, և այդ մասին տեղյակ ենք պահելու խոսքի ազատության պաշտպանությամբ և ատելության խոսքի դեմ պայքարող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել