«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի դահլիճը վերագտել է նախկինների «փառքը»: Քաղաքական վերադասավորումներից հետո բոլորովին նոր որակի օրենսդիր ձեւավորելու մասին բարձրաձայնողներն արդեն որերորդ անգամ ապացուցում են՝ 7-րդ գումարման ԱԺ-ն որակական ու բովանդակային որեւէ առավելություն չունի նախորդների նկատմամբ:
Քաղաքական բնույթի բանավեճերը, նույնիսկ բարձր տոնն ու հուզականությունը, այո, կարող է բնորոշ լինել քաղաքականությամբ զբաղվողներին, բայց անձնական վիրավորանքը, քաշքշոցն ու մանավանդ հայհոյանքը չպետք է տեղ ունենան երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում:
Օրերս Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ, եւս մեկ անգամ վերահաստատեց՝ քաղաքական ադեկվատության ու քաղաքակրթության առումով իրավիճակ չի փոխվել: Դրան հաջորդած մյուս երկու թեւերի՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» պատգամավորների փոխադարձ վիրավորանքներն ու իրար «բան լսեցնելը» կնքեցին ասածիս ճշմարտացիությունը:
Քաղաքական դերակատարների փոփոխությունից հետո հիմնական խաղացողներն ասես իրենք իրենց ու առհասարակ բոլորին ապացուցելու բան ունեն: Իշխանությունը փորձում է համոզել, որ ինքը թե՛ իշխանություն է, թե՛ ընդդիմություն իր իսկ ներսում, ընդդիմությունն ամեն բան անում է, որ ընդդիմադրի ծիրանին ու թագը միայն ինքը կրի:
Իսկ հասարակությունն այդպես էլ չի հասկանում՝ ով ինչ խաղ է խաղում: Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ, անթույլատրելի, զազրելի միջադեպը քննադատեցին ու դատափետեցին գրեթե բոլոր պատգամավորները, բայց նրանցից եւ ոչ մեկն այդպես էլ հարց չբարձրացրեց՝ ի՞նչ անել, որ հետագայում նման սցենարներ չլինեն, ու խորհրդարանը զբաղվի իր բուն՝ օրենք գրելու գործառույթով: Փոխարենը կրակի վրա յուղ լցնելով՝ 3 օր շարունակ վատնեցին թանկագին ժամանակն ու «ռազբորկային իտոգ տվեցին»:
Խորհրդարանական քառօրյայի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստը հայտարարությունների ժամ է, այդ օրը երկու տասնյակից ավելի ելույթ ունեցած պատգամավորներից միայն մի քանիսը խոսեցին ըստ էության, մնացածը` «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» սկզբունքով վերլուծում էին քաշքշուկն ու միմյանց վրա գոռում:
«Իտոգ տալու» գործընթացն այնքան ահագնացավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը զայրացած ու վիրավորված տոնով երիտասարդներին բացատրեց, թե խորհրդարան ինչի համար են գալիս:
Հուսանք՝ խորհրդարանական կառավարման երկրի թիվ մեկ ամբիոնը հետայսու նմանատիպ «բազարների» ականատեսը չի լինի, պատգամավորներն իրենք իրենց հաշիվ կտան, կհարգեն ՀՀ պետական լեզուն՝ գրական հայերենն ու «քուչի» բառապաշարն իրենց բակերում կկիրառեն միայն, կկարողանան զսպել երիտասարդին բնորոշ տաքարյունությունն ու այդ էներգիան կարդալու եւ սովորելու վրա կիրացնեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: