«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ղեկավարի ընտրության հարցում միշտ կարեւոր է եղել Ռուսաստանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չեղավ, ավելին, փորձագիտական շրջանակներից հակառակ տեսակետն է մշտապես հնչում։ Նա ընդունված չէ Հյուսիսում։ «Իրատեսը» ավելի վաղ, իր աղբյուրներին հղում կատարելով, գրել էր, որ ռուսական շրջանակները շոշափում են Հայաստանի քաղաքական դաշտը եւ արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել։
Արեւմուտքի հետ առավել ասոցացվող Նիկոլ Փաշինյանը հենց կառավարման առաջին իսկ ամիսներից սկսած հանդիպեց նաեւ ԵՄ-ի, ու ԱՄՆ-ի մերժողականությանը։ Իր մեծ հիասթափության մասին փաստեց նույնիսկ ինքը` Նիկոլ Փաշինյանը, մտաբերենք, թե միայն այն, որ ԵՄ-ի «աջակցությունն» ինչպես հեգնեց Փաշինյանը՝ ծեր Եվրոպայի հայտնի օդանավակայանում Հայաստանի օլիգարխներից որեւէ մեկին թափ տալու եւ «դժբախտի» գրպաններում «ռեկետ» իրականացնելու իր ունակության մասին ակամա խոստովանությամբ։
Մեր աղբյուրի պնդմամբ, Արեւմուտքն էլ արդեն Փաշինյանին այլընտրանք է փնտրում։ Այդ մասին նույնիսկ նրանց դիվանագետներն են ակնարկել։ Իսկ որ Հայաստանում ԱՄՆ-ի «ամենատես աչքերը» շատ բան են փոխանցել համապատասխան կառույցներին, կասկածից վեր է։
Եթե երկու բեւեռների շահերը համընկան ու Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում նույն անձին տեսան… բավական ծանր օրեր են սպասում Փաշինյանին։ Ու այստեղ պետք չէ ասել՝ իսկ Հայաստանի ժողովո՞ւրդը։
Հիշենք, թե Նիկոլ Փաշինյանին ինչ ասաց Սերժ Սարգսյանը. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու»։ Պարզվեց՝ ուներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: