Ծխող մարդիկ հաճախ են տառապում հետվիրահատական բարդություններից, իսկ վնասակար սովորությունից հրաժարվելը մեծացնում է առողջության արագ վերականգնման շանսերը: Այս եզրակացությունն արված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Նյուքասլի համալսարանի (Ավստրալիա) և Անեսթեզիոլոգների ընկերությունների համաշխարհային ֆեդերացիայի համատեղ անցկացրած հետազոտության մեջ՝ տեղեկացնում է TASS-ը:
Ինչպես նշել է ԱՀԿ-ն, մեկնաբանելով գիտական աշխատանքի արդյունքները, «չծխող մարդկանց համեմատությամբ ծխողները ենթակա են հետվիրահատական բարդությունների զգալիորեն ավելի մեծ ռիսկի՝ ներառյալ սրտի և թոքերի գործառույթների խանգարումը, վարակները, ինչպես նաև վերքերի ապաքինման գործընթացի դանդաղումը կամ խանգարումը»: Միևնույն ժամանակ վիրահատությունից չորս կամ ավելի շաբաթ առաջ ծխելուց հրաժարվելը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այդ ռիսկը և բարելավել վերականգնման դինամիկան վիրահատությունից հետո առաջին վեց ամիսներին: Բացի այդ, ծխելը թողնողներին ավելի պակաս չափով են սպառնում անզգայացման բարդությունները:
Գիտնականները պարզել են, որ ծխելուց հրաժարվելուց չորս շաբաթ անց առանց ծխախոտի անցկացրած յուրաքանչյուր հաջորդ շաբաթը բարեհաջող ելքի հավանականությունը մեծացնում է 19 տոկոսով, քանի որ բարելավվում է արյան մատակարարումը կենսականորեն կարևոր օրգաններին:
Ինչպես այդ կապակցությամբ նշել է ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի բաժնի ղեկավար Վինայակ Պրասադը, «ոչ մեծ և ոչ բարդ վիրահատությունների տեղափոխումը ավելի ուշ ժամկետ, որպեսզի պացիենտին ժամանակ տրվի ծխելուց հրաժարվելու համար, վիրահատական միջամտության բարեհաջող ելքի գրավականն է»: