«Լցակայաններում 15-20 տոկոսով թանկացել է վառելիքը: Այդ մասին տարբեր վարչական տարածքներից ասել են սպառողները»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը: 

Նրան սպառողները տեղեկացրել են նաև, որ այսօր տաքսիների մինիմալ ուղեվարձը ոչ թե 600, այլ 1000 դրամ է: Բաբկեն Պիպոյանն առաջարկում է հանրային ճնշում գործադրել: Նրա խոսքով՝ երբ գազի գնի թանկացման մասին սկսեցին խոսել, հանրապետությունում տնտեսագետ չմնաց, որ վերլուծություն չաներ: Եթե չլիներ այդ ճնշումը, գազն ավելի թանկ գնով կվաճառեին սպառողներին: 

«Կան տիրույթներ, որ մեկ-երկու կամ երեք տոկոսով թանկացումներ են կատարվում: Հիմա բոլորը պետք է հաշվետվություն տան հանրությանը՝ թե՛ արտադրողը, թե՛ բիզնեսմենը: Երկու դրամի թանկացումը ևս սպառողի վրա երևալու է, այդ պատճառով պետք է հատ-հատ ներկայացնեն: Եկեք բոլորս իրականացնենք խիստ վերահսկողություն»,- կոչ արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը: Նա պնդեց, որ պետք է ճնշում գործադրել, որպեսզի երթուղայինների գծատերերը նույնպես հաշվետվություն ներկայացնեն:

«Բա ինչո՞ւ են երթուղայինների գծատերերը ութ-ինը տարի գերշահույթով աշխատել: Դե, հիմա էլ թող առանց շահույթի աշխատեն՝ հանուն սպառողի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը: Նրա կարծիքով՝ գոյություն ունի տնտեսության վերահսկողության երեք կոմպոնենտ՝ պետական վերահսկողություն, օրենսդրական և հանրային վերահսկողություն: 

Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ նաև կոսմետիկայի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներին: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն արձանագրել է, որ կոսմետիկ միջոցների ավելի քան 50-60 տոկոսը չունի հայերեն մակնշում: Բաբկեն Պիպոյանի տվյալներով՝ բացակայում է կոսմետիկ միջոցները ստուգելու տեխնիկական կանոնակարգը: «Նույն բրենդը ֆիրմային խանութներում վաճառվում է հայերեն մակնշմամբ, փոքրիկ կրպակներում՝ առանց մակնշման: Պահանջվում է պարտադիր սերտիֆիկացում»,- տեղեկացրեց Բաբկեն Պիպոյանը: 

Նա հավելեց նաև, որ այդ ապրանքների որակի և սերտիֆիկացման մասին ոչ մի տվյալ չկա և չի անցկացվել լաբորատոր փորձաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել